Մոսկվայի և Իրանի կոնսենսուսը

Մոսկվայի և Իրանի կոնսենսուսը

ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանում հանդիպումների ժամանակ վերահաստատել է ՌԴ-ի աջակցությունն Ադրբեջանի հետ միջանցքների և տրանսպորտային ուղիների վերաբերյալ Իրանի քաղաքականությանը։

Այս հայտարարությունն ուշագրավ է հատկապես այն պատճառով, որ հաջորդում է Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության պետ Իբրահիմ Քալընի հայտարարությանը: Իսկ նա բառացիորեն ասել է. «Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը»:

Հայտարարությունները հնչել են մի քանի ժամվա տարբերությամբ:

Երբ անցած շաբաթների ընթացքում Թեհրանը սրում էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, ես կանխատեսել էի, որ դա չի բերելու լուրջ ճգնաժամի ռուս-իրանական հարաբերություններում:

Թեհրանի մոտիվներն ի սկզբանե պարզ էին:

Նա ձգտում էր Հարավային Կովկասում ձևավորվող նոր ստատուս-քվոյոյում ունենալ իր տեղն ու դերը, մանավանդ, որ չնայած Հայաստանի և Ադրբեջանի հետ հարևանությանը՝ այդպես էլ ներգրավված չի եղել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում՝ ո՛չ 44-օրյա պատերազմից առաջ և ո՛չ էլ դրանից հետո:

Մյուս կողմից, միանգամայն տարբեր են Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի և Իրանի պատկերացումները: 

Եթե Մոսկվայի համար Ադրբեջանն ու Թուրքիան գործընկերներ են արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հարցում, ապա Թեհրանը վերջիններիս համարում է Արևմուտքի (նաև՝ Իսրայելի) գործընկերներ՝ դրանից բխող ռիսկերով, որոնք կարող են ծնվել «Զանգեզուրի միջանցքի» գործարկման պարագայում:

Եվ վերջապես, արձանագրել էի՝ միշտ չէ, որ Իրանի կտրուկ հայտարարություններին հետևում են նույնքան կտրուկ գործողություններ, ու կանխատեսել էի, որ Թեհրանի կովկասյան ծրագրերի իրականացման համար նրան անհրաժեշտ է համագործակցությունը հենց Մոսկվայի հետ:

Շոյգուի երեկվա հայտարարությունը` ռուս-իրանական դիրքորոշումների մերձեցման մասին, ասվածի ապացույցն է:

Վահրամ Բագրատյան