Ադրբեջանցիներն Արավուսի սահմանից գողացած ոչխարները վերադարձրել են

Սյունիքի մարզի Արավուս բնակավայրի սահմանից գողացած ոչխարները ադրբեջանցիները վերադարձրել են։
Այս մասին Tert.am-ին հայտնել է ոչխարների տերը՝ Արմեն Ջահանգիրյանը։
«Ադրբեջանցիներն ինչքան ոչխար են տարել, այնքան էլ հետ են բերել, խնդիրը կարգավորվել է մեր անվտանգության զորքերի միջոցով։ Նրանք են բանակցել ու վերադարձրել։ Երեկ երեկոյան՝ ժամը 22։00-ին են մանր եղջերավոր կենդանիներին բերել»,- մանրամասնեց անասնատերը։
Հիշեցնենք, որ MediaHub-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը երեկ ասել էր, որ ադրբեջանցիները գողացել են Արավուս համայնքի բնակչի ոչխարները։
«Չգիտենք, թե երբ կվերադարձնեն, տեղյակ ենք պահել ռուսներին, իրենք պետք է վերադարձնեն, աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Իրականում, պարզ չէ, թե ոչխարներն ինչ հանգամանքներում են հայտնվել ադրբեջանական կողմում, չգիտենք՝ գողացել են, թե կենդանիներն են մոլորվել»,- ասաց նա։