Մեսին՝ 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին արժանացավ 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի The Best մրցանակին։
Լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում էին նաեւ աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ու Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։
Լավագույն ֆուտբոլիստուհու մրցանակին արժանացավ Ալեքսյա Պուտելյասը («Բարսելոնա», Իսպանիա)։ Մրցանակին հավակնում էին նաեւ Բեթ Միդը («Արսենալ», Անգլիա) եւ Ալեքս Մորգանը («Սան Դիեգո Ուեյվ», ԱՄՆ)։
Լավագույն դարպասապահի կոչումը շնորհվեց Էմիլիանո Մարտինեսին («Աստոն Վիլլա», Արգենտինա), կանանց ֆուտբոլում լավագույն դարպասապահը Մերի Էրփսն էր («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա)։
Լավագույն մարզիչ անվանակարգում հաղթող դարձավ Արգենտինայի հավաքականը գլխավորող Լիոնել Սկալոնին, կանանց ֆուտբոլում լավագույնի կոչմանն արժանացավ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սարինա Վիգմանը։