Իսրայելը նորից հարվածել է Լիբանանին, 5 խաղաղ բնակիչ է զոհվել․ Նեթանյահուն խոստացել է՝ հանգիստ չի տալու բեյրութցիներին

Մերձավոր Արևելքում իրավիճակը վերստին խաթարվել է։ Իսրայելական բանակը հրթիռակոծել է Լիբանանի հարավային շրջանում գտնվող Խիամ քաղաքը։ Տեղի բնակիչների հավաստմամբ, Նեթանյահուն սպառնացել է ռմբակոծել մայրաքաղաք Բեյրութը։
«Հարվածները հասցվել են Քֆար Սիր, ինչպես նաև Յահմուր բնակավայրերի շրջակայքում։ Օդային հարվածների հետևանքով՝ 5 խաղաղ բնակիչ է զոհվել։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սա պատասխան է իբրև թե Լիբանանի կողմից իսրայելական Գալիլեա և Քիրյաթ Շմոնա բնակավայրերի ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտելու համար»,-MediaHub-ին փոխանցեց բեյրութաբնակ Նազո Բերբերյանը։
Նրա խոսքով՝ Իսրայելը պատրվակներ է փնտրում Լիբանանին մեղադրելու համար, մինչդեռ, Լիբանանի հատկապես հարավային շրջանների բնակիչներն ամեն օր սեփական մաշկի վրա են զգում հրադադարի մասին պայմանավորվածությունը խախտելու իսրայելական փորձերը։
«Ամեն օր կրակում են գյուղերի ու քաղաքների վրա։ Մարդկանց հանգիստ չեն տալիս։ Նրանց նպատակը Լիբանանի և Սիրիայի հողերի հաշվին Իսրայելի տարածքը մեծացնելն է, որը կարծես թե հաջողվում է։ Այդ երկրի պաշտպանության նախարարը այսօր բացեիբաց հայտարարեց, որ նույնիսկ մայրաքաղաք Բեյրութի ժողովրդին չի թողնելու, որ հանգիստ ապրեն։ Նեթանյահուն սանձարձակ ղեկավար է, նրան այդ հնարավորությունը տալիս է ԱՄՆ նախագահ Թրամփը»,-ասաց նա։
Այսօր ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ մարտի 27-ին 5 մարդ է զոհվել երկրի հարավային բնակավայրերը իսրայելական օդուժի կողմից հարվածելու հետևանքով, կան տասնյակ վիրավորներ։
Հունան Թադևոսյան