ԱՄԷ-ում իսրայելուհուն մահապատժի են դատապարտել կոկաին պահելու համար

ԱՄԷ-ում իսրայելուհուն մահապատժի են դատապարտել կոկաին պահելու համար

ԱՄԷ-ի իշխանությունները մահապատժի են դատապարտել իսրայելուհուն կոկաին պահելու համար, ինչը լուրջ փորձություն է Մերձավոր Արեւելքի երկրների միջեւ հարաբերությունների համար, գրում է AP-ն։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ աշխատում է Ֆիդա Կիվանի գործով։ Հաղորդվել է, որ խոսքը Հայֆայի 43-ամյա բնակչուհու մասին է, ով լուսանկարչական ստուդիա ուներ:

Իսրայելական Ynet լրատվական կայքը հայտնել է, որ Կիվանը ձերբակալվել էր 2021 թվականի մարտի 21-ին՝ մեկ ֆունտ կոկաինով, որը, ըստ նրա, իրեն չի պատկանում։ Կիվանի փաստաբանը կբողոքարկի դատավճիռը, որը կարող է փոխարինվել ազատազրկմամբ։

Թմրամիջոցների մասին ԱՄԷ-ի կոշտ օրենքները կարող են փորձություն դառնալ  2020 թվականին Թրամփի վարչակազմի միջնորդությամբ կնքված «Աբրահամի համաձայնագրի» շրջանակներում Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ զարգացող հարաբերությունների համար:

Իսրայելական ԶԼՄ-ները հայտնել են, որ Կիվանը Դուբայ էր եկել մեկ տարի առաջ պաղեստինցի ծանոթի հրավերով աշխատանքի հետ կապված: Որոշ ժամանակ անց նրան ձերբակալել էին բնակարանում խուզարկության ժամանակ թմրանյութ հայտնաբերելուց հետո:
ԱՄԷ-ում թմրանյութերի առեւտուրը սովորաբար ցմահ ազատազրկում է ենթադրում, իսկ պահելը՝ ավելի կարճ ժամկետով ազատազրկում: Չնայած ԱՄԷ օրենսդրությունը որոշ դեպքերում մահապատիժ թույլատրում է, այն հազվադեպ է կիրառվում: Վերջին հայտնի մահապատիժները կիրառվել են 2011 եւ 2014 թթ. սպանության համար դատապարտված երկու տղամարդկանց նկատմամբ: