Ալվարդը մաhացել է Հակարի կամուրջն անցնելուց հետո՝ Տեղ գյուղում, դստեր հետ խոսելուց 2 ժամ անց

ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ մեկ տարի առաջ Արցախից Հայաստան գաղթի ճանապարհին մահացել է 65 մարդ։
Կարմիր շուկայի բնակիչ Զարինե Ներսիսյանը MediaHub-ի հետ զրույցում ասում է, որ բլոկադայի ընթացքում թերի սնուցումը, պատերազմում տարած վախն ու գաղթի ճանապարհին ունեցած սթրեսները գումարվել են մոր՝ 59-ամյա Ալվարդ Բալայանի շաքարային հիվանդությանն ու, վերջինս Հակարի կամուրջն անցնելուց հետո Տեղ գյուղում մահացել է։
«Գիտեք, սեպտեմբերի 19-ի երեկոյան ադրբեջանական զորքը 2 ուղղություններով վերահսկողության տակ առավ Մարտունու ամբողջ շրջանը։ Այդ թվում մեր գյուղը՝ Կարմիր շուկան, մեկուսացված էր Ստեփանակերտից։ Այդպես 5 օր մնալուց հետո ճանապարհը վերջապես բացվեց գաղթի համար։ Մենք բավականաչափ վառելիք չունեինք։ Դրա համար իմ ընտանիքը ստիպված մնաց Ստեփանակերտում, մայրս տեղավորվեց հորաքրոջս ընտանիքի հետ, իսկ հայրս իր տրակտորով էր ճանապարհ ընկել։ Պայմանավորվել էինք հանդիպել Հայաստանում»,- ասում է Զարինեն։
Ալվարդ Բալայանի առողջական վիճակը ճանապարհին կայուն է եղել, սակայն, դստեր խոսքով, անընդհատ մտածել է դեռևս Ստեփանակերտում մնացած հարազատների համար։
«Հորաքույրս ասում է, որ մայրս անընդհատ մեր մասին է մտածել՝ «երանի՜ ողջ-առողջ անցած լինեին էս դժոխային ճանապարհը»։ 2 օր ճանապարհին են եղել, դեղերն արդեն վերջացել էր, իսկ բլոկադայի ժամանակ իր դեղերին փոխարինիչ դեղորայք էր օգտագործում։ Մորս հետ վերջին անգամ խոսել եմ սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 7-ի կողմերում։ Միայն մեր մասին էր մտածում անընդհատ։ Ես վստահեցրել եմ, որ ամեն ինչ կարգին է, շուտով մենք էլ կհասնենք»,- հիշում է Զարինեն։
Երիտասարդ կինը դժվարանում է առանց արցունքների խոսել մոր կորստի մասին։ Ալվարդը մահացել է Տեղ գյուղում՝ դստեր հետ խոսելուց 2 ժամ հետո։
«Տեղ գյուղի առաջին խանութներից մեկի մոտ որոշել են կանգ առնել, հորաքույրս առաջարկել է՝ քանի որ երկար ժամանակ քաղցր չեն կերել, որոշակի գնումներ կատարեն։ Երբ մեքենան կանգ է առել, մայրս տատիկիս հետ իջել են մեքենայից, որ մաքուր օդ շնչեն, սակայն, հարակից շինության պատին հենվել է, բարձր ճչացել ու ընկել գետնին։ Հորաքույրս շտապօգնություն է կանչել, որ հասցնեն-փրկեն։ Մայրս համբուրել է հորաքրոջս, ասել՝ «երեխաներին կփոխանցես՝ իրար լավ նայեն, միմյանց մասին հոգ տարեք»․․․ ու մահացել է»։
Ավելի ուշ բժիշկներն ասել են Ալվարդի մահվան պատճառը՝ սրտամկանի ինֆարկտ: Նա հուղարկավորվել է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում։
Հունան Թադևոսյան