Աղազարյանի «խոստովանությունը»

Աղազարյանի «խոստովանությունը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է, ով Փաշինյանին պաշտպանելու հարցում շատ առաջ է գնացել ու «բացահայտել» է կոռուպցիայի օրինականացման մի սխեմա: 

«Սև ծրար»՝ բյուջեի հաշվին 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը,  անդրադառնալով Աժ նախագահի որոշմանը, որով պարգևավճար է տրամադրվել իշխանական պատգամավորներին, նրանց օգնականներին ու փորձագետներին, նշել է, որ պարգևավճարներն առաջվա նման սիստեմատիկ չեն տրվում, այն տրվել է Անկախության օրվա առթիվ, հարց է՝ պարգևավճար է, թե ոչ:

«Քաղաքացիները պետք է իմանան, որ առաջ պատգամավորները սև ծրարով ամեն ամիս 3000-5000 դոլար էին ստանում, մենք նման բան չենք անում: Երբ տալիս են պարգևավճար, չեմ հրաժարվում ու որևէ ֆոնդի տալիս, օգտվում եմ՝ օգտագործելու տեղեր կան: Իսկ ընդդիմությանը ճիշտ է պարգևավճար չտալը»,-ասել է Աղազարյանը։ 

Իրավապահները պետք է հրավիրեն Աղազարյանին 

Հովիկ Աղազարյանն, այսպիսով, հանցագործության մասով հաղորդում է տվել: Արդյո՞ք նա հավաստի տեղեկություններ ունի, որ մինչև հեղափոխությունը «պատգամավորները սև ծրարով ամեն ամիս 3000-5000 դոլար են ստացել»: 

Իրավապահներն այս հարցը պետք է պարզաբանեն՝ պատասխանատվության կանչելով կա՛մ «սև ծրարով» փող տվողներին, կա՛մ էլ Աղազարյանին՝ սուտ մատնության համար:

Բայց խնդիրն ունի նաև բարոյական կողմ:

Աղազարյանն, ըստ էության, իրենց պարգևավճարը նույնացրել է «սև ծրարով» փողի հետ, այն տարբերությամբ, որ ՔՊ պատգամավորները «մտել» են ոչ թե բարձրաստիճան իշխանավորի կամ օլիգարխի, այլ՝ սովորական հարկատուի գրպանը:

Այլ խոսքով, կոռուպցիոն սխեմաները հիմա օրինականացվել են:

Վահրամ Բագրատյան