Շատ ավելի առաջնային թեմաների փոխարեն Արցախից բերված մեքենաների հարցն են թեժ պահում

«Արցախից բերված մեքենաների թեման շարունակում է թեժ պահել միայն «Հայկական ժամանակ» թերթը, ընդ որում սուտ ու կեղծիք տարածելով, թիրախավորելով հատկապես այն կառույցներին և անհատներին, որոնք ամենաբարդ իրավիճակներում ամենապատասխանատու աշխատանքներն են իրականացրել։ Եվ սա տրամաբանական է»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է «Արցախէներգո» ՓԲԸ աշխատակիցներից մեկը, ով վերջերս է ծանոթացել, որ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթն անդրադարձել է ընկերության մեքենաներին։
««Արցախէներգոն» մասնավոր կառույց է, ուստի ընկերության ղեկավարությունն ինքն է որոշել տրանսպորտային միջոցների բաշխումը կամ նվիրատվությունը։ Տպավորություն է, որ պետք է ամեն ինչ թողնեինք Ադրբեջանին։ Վախենամ հաջորդն անցնեն մարդկանց գույքին՝ «ով ինչ է բերել»։ Հասկանում ե՞ք՝ ոչ թե «ի՞նչ են թողել, այլ ի՞նչ են բերել»։ Այդպես մարդկանց մոլորեցնում ու պառակտում են»,- հավելեց նա։
Արցախի իշխանությունների և ժողովրդի հանդեպ Նիկոլ Փաշինյանն ու նրա քարոզչամեքենան լուրջ և անթաքույց մարտավարություն են սկսել։ Մեր զրուցակցի խոսքով՝ «համայնքների ղեկավարների հետապնդումներին, ձերբակալություններին ու կալանքներին զուգահեռ, շարունակում են լրահոսում պահել մեքենաների թեման»։
«Մինչդեռ շատ ավելի լուրջ թեմաներ ու մարտահրավերներ կան կապված Հայաստանի անվտանգային հարցերի հետ, որոնք հիմա երկրորդային դիրքում են։ Հիմա, տպավորություն է, որ հասկացնում են` «ավելի լավ է՝ մնայիք ադրբեջանցիների լծի տակ, քան գայիք Հայաստան», անհասկանալի է»,- նշեց նա։
Հունան Թադևոսյան