Ոչ միայն էժան ու քաղաքական, այլև՝ անբարոյական․ Տարոն Մարգարյանի հարցը ԱԺ են բերել հենց հոր մաhվան օրը

Այսօր՝ մարտի 25-ին, մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված հարցերի մեջ նաև պատգամավորներ Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տալու մասին հարցերն են։
Այն, որ սա քաղաքական հետապնդում է այս անձանց նկատմամբ, քանզի նրանք դեմ են դուրս եկել այս իշխանություններին, այդ մասին հայտարարել են հենց իրենք՝ Տարոն Մարգարյանն ու Հովիկ Աղազարյանը։ Բայց խնդիրն այստեղ միայն քաղաքական հետապնդումը չէ։
Այսօր՝ մարտի 25-ին, լրանում է Տարոն Մարգարյանի հոր՝ Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան հերթական տարելիցը (մահացել է 2007 թվականի մարտի 25-ին), և հենց այս խորհրդանշական օրով էլ սիմվոլիզմի սիրահար ՔՊ-ականները օրակարգ են մտցրել Անդրանիկ Մարգարյանի որդուն՝ Տարոն Մարգարյանին, անձեռնմխելիությունից զրկելու և նրան բանտ ուղարկելու համար կանաչ լույս վառելու մասին հարցը։ Սա սրիկայության ու տականքության հերթական դրսևորումն է այս իշխանությունների կողմից։
Այս մարդիկ հայ ժողովրդի, Արցախի ու Հայաստանի և իրենց անձնական հակառակորդների նկատմամբ ցանկացած ճակատագրական քայլ կատարում են սիմվոլների ու սիմվոլիզմի ներքո, որ հոգիներն էլ ավելի փառավորվի։ Իհարկե, հիմա կարդարանան, թե իրենք հատուկ չէին հաշվարկել, որ հենց այս օրը դա լինի, և իրենք ի՞նչ մեղք ունեն, որ ԱԺ հերթական նստաշրջանը մեկնարկում է հենց Անդրանիկ Մարգարյանի մահվան օրը։
Դա այդպես է, իհարկե, բայց իրենք, վստահաբար, կարող էին իրենց քաղաքական հետապնդումն ու դավադիր որոշումը օրակարգ մտցնել ոչ այս՝ գոնե հաջորդ նստաշրջանին, ի՞նչն էր ստիպում, օրինակ, տիկին դատախազին յոթ տարի քնեցված գործը տեղից շարժել ու ԱԺ բերել հենց այսօր և այս շաբաթ, թող սպասեին՝ մյուս նստաշրջանին բերեին, ո՞վ էր ընկել իրենց հետևից։ Ի վերջո, եթե յոթ տարի սպասել էին, մի յոթ օր էլ թող սպասեին, գոնե քաղաքական հետապնդման ֆոնին նաև այդքան անբարո չէր դիտվի իշխանականների այս քայլը։
Վահե Մակարյան