Սկանդալային քվեարկություն

Սկանդալային քվեարկություն

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԿԸՀ նորաթուխ նախագահ Վահագն Հովակիմյանն է, որն օգնում է Փաշինյանին՝ ընտրական ինստիտուտների փոշիացման հարցում: 

Հովակիմյանն ընտրվեց իր ձայնով 

Քաղաքական, բարոյական որևէ տրամաբանությամբ՝ Վահագն Հովակիմյանը չպետք է ընտրվեր ԿԸՀ նախագահ: Նա իր ամբողջ կյանքում եղել է Նիկոլ Փաշինյանի ենթական, քաղաքական թիմի անդամը, կարելի է ասել՝ ընտանիքի անդամը: Ավելորդ է ասել, որ նման մարդը չի կարող քաղաքականապես անաչառ լինել, այդպիսին չի կարող լինել նրա ղեկավարած կառույցը:

Այնուամենայնիվ, Ազգային ժողովը 65 կողմ ձայնով Վահագն Հովակիմյանին ընտրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։

Ուշագրավ է, որ Հովակիմյանին հենց այդքան ձայն էր անհրաժեշտ՝ ԿԸՀ նախագահ ընտրվելու համար ու եթե նա չմասնակցեր իր քվեարկությանը՝ որպես պատգամավոր, նրա ընտրությունը կձախողվեր:

Ստացվում է՝ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանն ընտրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին 

Շահերի բախում 

Վահագն Հովակիմյանը, մասնակցելով ԿԸՀ նախագահի պաշտոնում իր իսկ թեկնածության քվեարկությանը, խախտել է պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքը, հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ չբացառելով, որ կքննարկեն նաև Սահմանադրական դատարան դիմելու հարցը։

«Վահագն Հովակիմյանը ոչ միայն խախտել է պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի պահանջը, ըստ որի նա պարտավոր էր շահերի բախման վերաբերյալ ոչ միայն ակնհայտ հայտարարություն անել, այլ նաև հրաժարվել քվեարկությունից, ինչը չի արել, և պարզ է, որ իր պաշտոնի նշանակման հարցով բացահայտում է իշխանության իրական դեմքը: Սա հակասահմանադրական, հակաօրինական հերթական արարքն էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» դրսևորեց», - նշել է Մինասյանը:

Ի դեպ, նույնաբովանդակ հայտարարություն են տարածել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Առայժմ արձանագրենք, որ այս ընտրությամբ՝ ԿԸՀ լեգիտիմությունը կասկածի տակ է:

Վահրամ Բագրատյան