Իմ ունեցվածքը անհամար չէ, եղբայրս ու եղբորս որդին էլ չափի մեջ մարդիկ են․ Ղուլարյան
Շուռնուխում շիրնարարությունն ընթանում է, և այն կավարտվի այս տարվա առաջին կիսամյակի վերջում։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքներն ուշացան ճանապարհի ու շինանյութի հետ կապված որոշ խնդիրներով պայմանավորված։
«Գորիս-Կապան ճանապարհի փակումը խնդիր էր, ֆինանսավորումը կատարված էր, բայց շինանյութի խնդիր կար»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ մամուլը գրում է, թե ինքն անհաշվելի գույք ունի, Ղուլարյանն արձագանքեց՝ ինքն անհամար գույք չունի, ինչ կա, հայտարարագրել է։
Հարցին, թե Երևանում կառուցվող շենքերը համապատասխանո՞ւմ են նորմերին, Ղուլարյանը նշեց՝ այո։
«Եթե խնդիրներ կան, դիմեք տեսչական մարմնին։ Շինարարությունն իրականացվում է սեյսմակայուն նորմերին համապատասխան»,- նշեց նա։
Արցախից տեղահանված քաղաքացիների համար ևս քայլեր արվում են, սակայն, Ղուլարյանը դրանք չներկայացրեց, ասաց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պետք է դիմել։
Իսկ արդյո՞ք Արարատ Միրզոյանի առանձնատունը համապատասխանում է բոլոր նորմերին, Ղուլարյանը չպատասխանեց՝ ասելով, թե պետք չէ նման հեգնանքով հարցեր տալ։
Իր եղբորն ու եղբորորդուն պատկանող գույքի մասին էլ ոչինչ չասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը․ նա հորդորեց այդ հարցով դիմել իր եղբորն ու եղբորորդուն։
«Իրենք ամենահամեստ ու ամենաչափավոր մարդիկ են, իրենց գույքն օրինական միջոցով է ձեռք բերվել, արդար աշխատանքով»,- հավաստիացրեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։