Ալեն Սիմոնյանն Անկարայում բարձրացնելու է օդային տարածքի բացման հարցը. Սարգիս Խանդանյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Անկարայում է, Թուրքիայի խորհրդարանի ղեկավարի հետ է հանդիպելու և բարձրացնելու է հայկական ավիափոխադրումների համար օդային տարածքի բացման հարցը։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` անդրադառնալով Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա հայկական ավիափոխադրողների թռիչքներ իրականացնելու արգելքին։
Անկարան արգելքը պատճառաբանել էր Հայաստանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի տեղադրմամբ՝ այն որակելով որպես «սադրանք»։
Դիտարկմանը, թե արձանը գուցե ապամոնտաժվի, Խանդանյանը պատասխանեց՝ այստեղ խնդիրը ոչ թե արձանի ապամոնտաժման հարցն է, այլ ինչպես անել, որ օդային տարածքը բացվի հայկական ավիափոխադրումների համար։
«Սրա շուրջ աշխատանք պետք է տարվի։ Պետք է հասցեագրել իսկական խնդիրները, իսկ այս պահին իրական խնդիրն այն է, որ ՀՀ ավիափոխադրողները չեն կարողանում Թուրքիայի տարածքով իրենց գործունեությունը ծավալել, ինչը խնդիր է ստեղծում մեր քաղաքացիների համար»,-նշեց նա Խանդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում