Արցախցին ձեռքերը ծալած չի նստի. գարնանացանի աշխատանքները կիրականացնենք․ ԱՀ գյուղնախարար

51 օր է՝ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Իրավիճակը ճգնաժամային է։ MediaHub.am-ի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը ներկայացրել է, թե ի՞նչ պատկեր է գյուղատնտեսության ոլորտում։
- Հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը` պարենային ի՞նչ խնդիրներ են առկա։
- Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից ավելի քան 50 օր փակ պահելու հետևանքով Արցախում առաջացել է լուրջ պարենային ճգնաժամ: Գիտեք, որ պարենային ապրանքների մեծ մասը ներմուծվում է, ուստի Արցախի շրջափակումը բնակչությանը կանգնեցրել է լուրջ մարտահրավերների առաջ, ընդ որում՝ ոչ միայն պարենային ապրանքների առումով. ըստ հաշվարկերի, հունվարի 26-ի դրությամբ 18 400 տոննա կենսական նշանակության ապրանքներ (ներառյալ պարենային) կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը:
Ինչպես տեսնում եք, մամուլը հեղեղված է այստեղ տիրող իրվիճակի մասին հրապարակումներով, այդ թվում՝ նկարների և տեսահոլովակների տեսքով. պարզ երևում է, որ խանութները լրիվ դատարկ են, ի թիվս այլ ապրանքատեսակների, ի սպառ բացակայում են միրգ-բանջարեղենը, որոնք մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար հսկայական դեր ու նշանակություն ունեն:
- Ինչպե՞ս շրջափակումը կանդրադառնա գյուղատնտեսական աշխատանքների վրա, առջևում գարնանացանն է:
- Գյուղատնտեսական բոլոր տեսակի աշխատանքները ներկայումս դադարեցված են՝ ելնելով դիզվառելիքի սուղ պաշարներից: Գարնանացանի աշխատանքներ պլանավորում ենք իրականացնել, որքանով որ թույլ տան նշված սուղ ռեսուրսները՝ այդ թվում՝ սերմերի քանակը. ի դեպ, շրջափակման երկարաձգման պարագայում կօգտագործվեն պահուստային պաշարների սերմերը: Ամեն դեպքում, ինչքան էլ ծանր լինի ստեղծված իրավիճակը, արցախցի հողօգտագործողը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել. կարվի ամենը՝ հնարավորության սահմաններում վարելահողերը գարնանացան մշակաբույսերով զբաղեցնելու համար:
- Ի՞նչ ապրանքների դեֆիցիտ կա։ Արցախում առկա սնունդը դեռ որքա՞ն կբավարարի։
- Միրգ-բանջարեղեն, կարտոֆիլ, ինչպես արդեն նշել եմ, ընդհանրապես վաճառքի չկան: Հացի առումով ներկայումս Արցախն ինքնաբավ է, սակայն շրջափակման երկարաձգման դեպքում այս ոլորտում ևս կարող են խնդիրներ ի հայտ գալ: Կաթնամթերքի, մսի, ձվի առկա քանակները ներկա փուլում մասնակի բավարարում են բնակչության ներքին պահանջարկը: Ինչպես բազմիցս խոսվել է, Արցախի Հանրապետության պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակներ (ձավարեղեն, ձեթ, շաքարավազ) ևս մատակարարվել են խանութներին և կտրոնների միջոցով վաճառվում են բնակիչներին՝ նրանց առաջնային կարիքների ապահովման համար:
- Հաճախ հրապարակվում է, որ դիզվառելիքը չի բավարարում։ Որքա՞ն է պաշարը։
- Ելնելով մի շարք հանգամանքներից՝ նպատակահարմար չէ հստակ քանակների մասին հրապարակավ խոսելը (խոսքը վերաբերում է ոչ միայն դիզվառելիքին): Կարող ենք ասել միայն, որ դիզվառելիքի պաշարները խիստ սահմանափակ են, նախատեսվում է դրանք առաջիկայում օգտագործել գարնանացանի համար՝ այդպիսով որոշակիորեն ապահովագրելով մեր հայրենակիցներին հացի խնդրի հետ առնչվելու հավանականությունից: Իրականում արցախցիները քաջ գիտակցում են կատարվողի հեռահար նպատակները, դրա համար պատվով են դիմակայում ամենին, նույնիսկ՝ շրջափակման տևողության կամ ժամկետների անորոշության փաստին: Ավելին՝ փորձում են սուղ ռեսուրսների պայաններում վաղվա օրվա հոգսն անել:
Լիաննա Թորոսյան