Հայրս Խոջալուի տեղն անգամ չգիտեր․ ի՞նչ է սպասվում Բաքվի բանտում պահվող Մադաթ Բաբայանին

2023 թվականի սեպտեմբերի 19-ից ադրբեջանցիների կողմից Գետավանում գերեվարված Մադաթ Բաբայանն արդեն 10 ամիս է գտնվում է Բաքվի բանտում։ Նախքան այնտեղ հայտնվելը, 71-ամյա տղամարդն անհետ կորած էր համարվում այնքան ժամանակ, մինչև ադրբեջանցիները զանգել ու տեղեկացրել են, որ Մադաթը գերեվարվել է հայրենի գյուղում։ Այնուհետև նրան սկսեցին մեղադրել այսպես կոչված «Խոջալուի ջարդերը» կազմակերպելու համար, մինչդեռ Մադաթի որդին՝ Արմեն Բաբայանը, MediaHub-ի հետ զրույցում հերքեց փաստը, որով իր հորն ազատազրկել են։
«Դատը շուտով կլինի։ Ադրբեջանում պահվող Արցախի 2 քաղաքացիներ արդեն իսկ դատապարտվել են 15 տարով։ Մեր ունեցած տվյալներով՝ հորս ևս սպասվում է 10-ից 15 տարվա ազատազրկում։ Բայց վստահեցնում եմ՝ նա Խոջալուի տեղն անգամ չգիտեր։ Ամբողջ կյանքն ապրել է գյուղում, զբաղվել անասնապահությամբ»,- նշեց նա։
Մադաթ Բաբայանին ամսվա կտրվածքով 1-2 անգամ զանգելու հնարավորություն է տրվում։ Որդին ասում է՝ այդ մի քանի րոպեն ծախսում են հիմնականում առողջական վիճակի մասին հարցերին.
«Մյուս հարցերին չի պատասխանում։ Չի դժգոհում, ժամանակին սնունդն ու դեղորայքը տրամադրվում է, պահման պայմաններով Կարմիր խաչն է հետաքրքրվում»,- ասաց նա։
Բաքվի բանտից Մադաթի մասնակցությամբ հարազատները նաև տեսանյութ են ստացել։ Արմենն ասում է, որ տարեց հայրն ավելի է նիհարել։
«Հիմա մեր բոլորիս մտածմունքը հորս առողջականն է։ Առանց այն էլ ինքը նիհար տղամարդ է եղել, ավելի է հյուծվել։ Թեկուզ չի դժգոհում պահման պայմաններից, բայց գիտեմ, որ կարոտից խեղդվում է»,- նշեց նա։
Թեպետ Մադաթ Բաբայանի դատը դեռևս տեղի չի ունեցել, բայց նրա ընտանիքը հույսը չի կորցնում, որ ազատ կարձակեն։
«Շուտով մի տարի կլինի, որ հայրս մեզ հետ չէ։ Հույս ունենք, որ Բաքուն մանրակրկիտ հետաքննություն կիրականացնի ու կարդարացնի հորս անմեղությունը։ Որ «Խոջալուի դեպքեր»-ի հետ նա կապ չունի, դա միանշանակ է»,- հավելեց Արմեն Բաբայանը։
Հունան Թադևոսյան