Նարինե Հայրապետյանի առևանգման մասին հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել

Նարինե Հայրապետյանի առևանգման մասին հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի  առևանգման վերաբերյալ  քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին MediaHub-ին փոխանցեց ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Առևանգման մասին ստացվել է հաղորդում, որի առթիվ հունվարի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում են քննչական, վարույթային գործողություններ՝ հաղորդման մեջ նշված տեղեկությունները քրեական վարույթի շրջանակներում համակողմանի ստուգելու և իրականությունը պարզելու նպատակով»,- ասաց նա։

Աբրահամյանը փոխանցեց, որ ոստիկանությանը տրվել է համապատասխան հանձնարարություն՝ քննության համար  կարևոր նշանակություն ունեցող, ինչպես նաև  մի շարք հանգամանքներ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզելու և վարույթն իրականացնող մարմնին փոխանցելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ  հունվարի 15-ին, ժամը` 09։30-ի սահմաններում Թոթովենց փողոցից անհայտ անձինք Հայրապետյանին ստիպողաբար նստեցրել են ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա՝ տեղափոխել իրեն անծանոթ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։ Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։ 

Լիաննա Թորոսյան