Առողջապահության փոխնախարարը բլոգեր է դարձել

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը դարձել է բլոգեր։ Այդ մասին են վկայում նրա ֆեյսբուքյան էջի սթորիներն ու ռիլերը։
Նանուշյանը, որի մասին մամուլը հաճախ է գրում, որ նախարարի աթոռի վրա աչք ունի տնկած ու տենչում է ամեն գնով նախարար դառնալ՝ հընթացս փորելով նախարար Անահիտ Ավանեսյանի տակ, «փոխնախարարի օրը» խորագրով ինչ-որ տեսանյութեր է պարբերաբար տեղարդում սոցցանցի իր էջերում՝ փորձելով ցույց տալ, թե որքան գերզբաղված է փոխնախարարի առօրյան, և որ փոխնախարարի գործը երևի նախարարի գործից էլ բարդ ու պատասխանատու է։ Կարճ ասած՝ ուզում է ամեն գնով կարևորել իր դերն ու նշանակությունը նախարարությունում և իրեն կես դրույք նախարար ներկայացնել։ Թեպետ՝ որոշ դեպքերում, ասում են, հենց այդպես էլ կա։
Ահավասիկ, վերջին տեղադրած նրա տեսանյութը, որտեղ նա պատմում է, թե ինչպես է սկսվել իր ուրբաթ օրը։
«Ուրբաթ օրը սկսվեց վազքով դեպի կառավարություն, որտեղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից ԵԱՏՄ 10 ամյակին նվիրված բարձրագույն մրցանակ՝ մեդալ, որը վկայում է, որ առողջապահության նախարարությունը շատ լավ է աշխատում ԵԱՏՄ-ի շրջանակներում, ինչն, իհարկե, մեծ պատիվ է նման մեդալի արժանանալ մեր թիմի կողմից»,- ահա այսպիսի ինքնագովեստով է սկսում իր պատմությունը տիկին Նանուշյանը։
Նա, ի դեպ և ինչպես նկատեցիք, քերականական առումով կոպիտ սխալ էլ է թույլ տալիս՝ նշելով, թե «մեծ պատիվ է նման մեդալի արժանանալ մեր թիմի կողմից»։ Նանուշյանին պետք է հուշել, որ մեդալի արժանացել են ոչ թե իրենց թիմի կողմից, այլ մեդալի արժանացել է իրենց թիմը՝ փոխվարչապետի կողմից։ Բայց կարևորը՝ մեդալի արժանանալու պահը հատուկ ֆիքսելն էր, որտեղ նա հասկացնում է, որ ինքը մեդալ է ստացել, ուղղակի համեստորեն նշում է, թե դա թիմի աշխատանքի արդյունքն Է։
«Դրանից հետո վազեցի նախարարություն, որովհետև ուշանում էի նախարարի մոտի քննարկումից, հետո ընդմիջմանը լավ եղանակ էր, 10 րոպե քայլեցի մոտակայքում, դրանից հետո լիցենզավորման նիստն էր սկսվել, որը որ բավականին երկար տևեց»,- շարունակում է պատանեկական ոգևորությամբ պատմել իր առօրյան տիկին Նանուշյանը։
Եթե այս ձայնի՝ այսպիսի ճնգճնգան տեմբրով ու այս ոճով խոսող տիկինը չլիներ բարձր պաշտոն զբաղեցնող անձ՝ փոխնախարար, կմտածեինք, թե հերթական դեռահաս բլոգերն է ի հայտ եկել մեդիաաշխարհում։ Բայց, արի ու տես, որ նա առողջապահության նախարարի տեղակալն է և համակարգում է մի ոլորտ, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք ոչ ինքը, ոչ իր «սիրելի» նախարարը ոչ մի կերպ չեն կարողանում լուծել, ու փոխանակ ամեն րոպեն օգտագործեն այդ խնդիրների լուծման համար, նստել թիթեռ, այս դեպքում՝ վլոգ են նկարում իրենց առօրյայի մասին, որը ոչ մի օգուտ, վստահաբար, չի տալիս հանրությանը։
Հավանաբար տիկին Նանուշյանն ուզում է բլոգերությամբ կողքից փող աշխատել՝ լայն աուդիտորիա հավաքել, դիտումներն ավելացնել, որ հետո կարողանա «մանետիզացիա» միացնել և գովազդային պայմանագրեր կնքել, ասենք, առողջապահական ընկերությունների հետ։
Վահե Մակարյան