Պուտինը հորդորել է միգրացիայի վերահսկման գործիքներն ակտիվորեն օգտագործել. ի՞նչ է սա նշանակում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել 2025 թվականին ընդունել միգրացիոն քաղաքականության նորացված հայեցակարգը Ռուսաստանի Դաշնությունում։ Այս մասին նա հայտարարել է ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ, գրել է ՏԱՍՍ-ը։
ՌԴ ղեկավարի խոսքով՝ այս հարցին անհրաժեշտ է հնարավորինս արագ լուծում տալ։
Պուտինն ընդգծել է, որ կարևոր է դադարեցնել անօրինական միգրացիայի ուղիները և ակտիվորեն օգտագործել միգրացիայի վերահսկման գործիքները։
«Ռուսաստանը պետք է ներգրավի օտարերկրացիներին, ովքեր կիսում են իր արժեքները»,- միջոցառման ժամանակ հավելել է ՌԴ նախագահը։
Մինչ այս Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել էր, որ խորհրդարանի ստորին պալատը նախապատրաստում է օրենսդրական նախաձեռնություններ՝ կապված միգրանտների բուժզննման հետ։
Այնուհետև Դումայի նախագահը, վկայակոչելով ՆԳՆ տվյալներին, նշել էր, որ Ռուսաստանում անօրինական կերպով բնակվում է մոտ 670 հազար օտարերկրացի։