Ազգությամբ եզդին արցախահայերի համար նստացույց է սկսում «Նեմեսիսի» հուշակոթողի մոտ

Ի պաշտպանություն շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախցիների՝ «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, ազգությամբ եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանը մայիսի 18-ից միայնակ անժամկետ նստացույց է սկսելու Երեւանի «Օղակաձեւ» զբոսայգում տեղադրված «Նեմեսիս» գործողության վրիժառուներին նվիրված հուշակոթողի մոտ։
«Նստացույցի համար ընտրել եմ «Նեմեսիս»-ի հուշարձանի տարածքը, որովհետեւ, ըստ իս, այս հուշարձանը արդարադատության խորհրդանիշ է»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց Իսայանը։
Նստացույցն իրականացնելու է «Ես Արցախի հարցի պահանջատերն եմ» եւ «Արցախցին երբեք յաթաղանահպատակ չի եղել ու չի լինի» կարգախոսերով, նման գրությամբ նաեւ պաստառներ կլինի տեղադրված հուշարձանի տարածքում։
Իսայանը նշեց, որ իրազեկման համար գրություն է ուղարկել Երեւանի քաղաքապետարան։
Լիա Սարգսյան