Եթե Իրանի ու Իսրայելի միջև պատերազմ սկսվի, դրանից մեծապես տուժելու է նաև Հայաստանը

Եթե Իրանի ու Իսրայելի միջև պատերազմ սկսվի, դրանից մեծապես տուժելու է նաև Հայաստանը

«Եթե Մերձավոր Արևելքում պատերազմ սկսվի, ինչը շատ հավանական է, կամա թե ակամա այն կտարածվի նաև Հարավային Կովկասում, որից անմասն չի մնա նաև Հայաստանը»,- MediaHub-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց լիբանանահայ քաղաքագետ-կոնֆլիկտաբան Հովհաննես Յակուբեանը։ 

Նրա խոսքով՝ այս պահին Մերձավոր Արևելքն ավելի քան երբևէ մոտ է մեծ պատերազմին ու ամեն ինչ դուրս է եկել վերահսկողությունից։ 

«Իրանն անթաքույց աջակցում է «ՀԱՄԱՍ»-ին և «Հըզբոլլահ»-ին, Ռուսաստանն էլ իր հերթին աջակցում է Իրանին։ Սա ավելի մեծ լարվածություն բերեց ու միանշանակ սրեց իրավիճակը։ Իսրայելը, հասկանալով այս ամենը, «վերացրեց» խմբի ղեկավարին, մյուս խմբից՝ ռազմական հրամանատարին։ Սրան ի պատասխան «Հըզբոլլահը» հրթիռային հարձակման ենթարկեց Գոլանի շրջանը, որի հետևանքով զոհվեցին մեկ տասնյակից ավելի երեխաներ»,- նշեց Յակուբեանը:

Հուլիսի 30-ին «Հըզբոլլահի» հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությանը հաջորդեց «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը։ Քաղաքագետի խոսքով՝ Իսրայելը դրանով հասկացրեց Իրանին, որ իր համար գոյություն չունեն «կարմիր գծեր» և որ Իսրայելը պատրաստ է ցանկացած պահի ապտակ հասցնել իր թշնամիներին, հատկապես, որ Իսրայելին աջակցող ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ «ՀԱՄԱՍ»-ը ճանաչում են որպես ահաբեկչական կազմակերպություն:

«Բնականաբար, Իրանի վերջին հայտարարությունից հետո, ամբողջ աշխարհը, այդ թվում և Հայաստանը շունչը պահած սպասում է Իրանի պատասխանին, որն, ըստ էության, ավելի կոշտ պետք է լինի։ Ստիպված եմ հիասթափեցնել՝ եթե Իրանի ու Իսրայելի միջև պատերազմ սկսվի, դրանից մեծապես տուժելու է նաև Հայաստանը»։

Հովհաննես Յակուբեանն ընդգծում է, որ մեծ պատերազմի վերսկսման դեպքում՝ Իսրայելին ձեռք կմեկնեն այն պետությունները, որոնց ժամանակին օգնել է ինքը։

«Պատկերացնո՞ւմ եք Ադրբեջանի օգնությունն ինչ մասշտաբների կարող է հասնել։ Միայն օկուպացված Արցախը բավական է, որն այս պատերազմում ծառայելու է որպես Իսրայելին սպասարկող ռազմական հենակետ։ Չկա բնակչություն, ուստի հեռահար հրթիռների և օդուժի կայանները տեղակայվելու են Արցախում։ Իսկ Ադրբեջանն այս պատերազմում կշահի Սյունիքը, որը թշնամու կողմից տասնամյակներ շարունակ ներկայացվում է, որպես «ադրբեջանական Զանգեզուր»»,- ասաց մեր հայրենակիցը, նշելով, որ այստեղ կարևոր դերակատարը կլինի Իրանը։ 

«Հատկապես Իբրահիմ Ռաիսիի ու Իրանի ռազմաքաղաքական ղեկավարների կասկածելի ու ողբերգական մահից հետո Հայաստանն Իրանի համար օբյեկտից դարձավ սուբյեկտ։ Գոնե իր շահի համար՝ Իրանը կպաշտպանի Հայաստանի իր հետ սահմանակից տարածքները։ Սակայն, տարածաշրջանի բոլոր պետությունները պետք է այնպես անեն, որ ռազմական էսկալացիայից հակամարտող բոլոր կողմերն անցնեն դեէսկալացիայի, որ կանխեն 3-րդ համաշխարհային պատերազմը, որի օջախը Մերձավոր Արևելքում է»,- հավելեց նա։

 

Հունան Թադևոսյան