Կմեկնի՞ Փաշինյանը Բրյուսել՝ Ալիևի հետ հանդիպման

Կիրակի օրը Բրյուսելում նախատեսված է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը: Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին հյուրընկալելու է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Ադրբեջանը նմանատիպ հանդիպումներից առաջ դիմում է սադրանքների: Եվ Սոթքի նկատմամբ այսօրվա ագրեսիան դրա հերթական ապացույցն է:
Հիշեցնենք, այսօր առավոտյան, ժամը 06:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն այս պահին հայտնում է 4 վիրավորի մասին։
MediaHub-ի տեղեկություններով՝ նրանց առողջական վիճակը բավարար է:
Մի քանի րոպեից կմեկնարկի Կառավարության հերթական նիստը և Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, կանդրադառնա այս ագրեսիային: Բնական է՝ դատապարտելով այն, որ Հայաստանի սուվերեն տարածքում հայկական կողմն ունի վիրավորներ, բայց ինչպես և նախկինում՝ հստակ մեղադրանք թշնամի երկրի ղեկավարի հասցեին չի հնչեցնի:
Այս պահին հարցն այն է, թե արդյո՞ք նա կհրաժարվի մեկնել Բրյուսել և կչեղարկի հանդիպումը Ալիևի հետ, թե ոչ: Եթե դա տեղի ունենա, ապա սա հերթական ապացույցն է, որ Նիկոլ Փաշինյանը, որն առաջ քաշեց այսպես կոչված «խաղաղության օրակարգը», այդ օրակարգին հասնելը հնարավորինս ձգձգում է, քանի որ դրանից կախված է հենց իր պաշտոնավարումը: Որքան շուտ կնքվի պայմանագիրը, այնքան մեծ է հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանը կկորցնի իր իշխանությունը: Իսկ վերջին շրջանում ինտենսիվացած հայ-ադրբեջանական բանակցությունները ու դրանից հետո հատկապես Ադրբեջանի հայտարարությունները, թե «բանակցությունները և դրա արդյունքները երկար սպասել չեն տա», նրան, թերևս, ստիպում են անհանգստանալ:
Սպասենք և հասկանանք, թե ինչ որոշում կկայացնի Փաշինյանը:
Ի դեպ, քիչ առաջ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու տևական խաղաղությանն աջակցելու հնարավորությունները։ Այլ մանրամասներ չեն նշվում և հասկանալի չէ՝ Սոթքի վրա վերջին հարձակումը նրանց քննարկման առարկան դարձել է, թե ոչ, բայց թերևս հասկանալի է, որ եթե Փաշինյանը իսկապես ցանկություն ունենա չմեկնել հանդիպման, ապա դա նրան շատ դժվարությամբ կտրվի՝ Արևմուտքը շտապում է:
Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Մյունխենի Անվտանգային համաժողովի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ, փետրվարի 18-ին։ Դրանից առաջ հանդիպում եղել էր 2022 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։
Հավելենք, որ ըստ ՊՆ-ի՝ ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է: