Հրեա ծայրահեղականները հարձակվել են հայերին պատկանող ռեստորանի վրա. Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից մանրամասնում են

Հրեա ծայրահեղականները հարձակվել են հայերին պատկանող ռեստորանի վրա. Երուսաղեմի Հայոց  պատրիարքարանից մանրամասնում են

Հունվարի 26-ի գիշերը, Երուսաղեմում հարձակում է տեղի ունեցել հայկական ռեստորանի վրա: Դեպքի առթիվ MediaHub-ը կապ հաստատեց Երուսաղեմում Հայոց պատրիարքարանի հետ՝ պարզելու եղելությունը:

Դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը մանրամասներ հայտնեց՝ ծայրահեղականների կողմից հայկական ռեստորանի վրա հարձակման դեպքի վերաբերյալ.

- Հունվարի 26-ին մի խումբ հրեա ծայրայեղականներ, «Լացի պատ» աղոթքի գնալիս, փորձել են ճանապարհը կարճեցնելու նպատակով Հին քաղաք մտնել մուսուլմանական թաղամասում գտնվող «Դամասկոսի դարպաս»-ից: Հրեա ոստիկանները թույլ չեն տվել նրանց: Վերջիններս, շարունակելով իրենց ճանապարհը, այս անգամ փորձել են քրիստոնեական թաղամասում գտնվող «Նոր դարպաս»-ից մտնել Հին քաղաք: Անցնելով հայկական սրճարանի մոտով հրեա ծայրայեղականները սկսել են բղավել. «Մա՛հ քրիստոնյաներին, մա՛հ արաբներին, մա՛հ օտարներին» եւ այլ գործողություններով փորձել են վեճ հրահրել: Սկսվել է լեզվակռիվ, որը վերածվել է մեծ վեճի, ապա իրար վրա աթոռներ են նետել՝ նյութական վնաս պատճառելով սրճարանի հայ վարձակալին:

Այդ պահին սրճարանի դիմաց նստած են եղել տարբեր երկներից ժամանած զբոսաշրջիկներ՝ արաբներ, քրիստոնյաներ նաեւ հրեաներ: Դեպքի առթիվ ոստիկանությունը որեւէ մեկին չի ձերբակալել, ավելին՝ դեպքի վայր է հասել մեկ ժամ անց:

-  Հայերի շրջանում ունե՞նք տուժածներ:

- Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

- Հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել հայկական կողմից, Հայր Աղանը պատասխանեց, որ Երուսաղեմի Լատին, Հույն եւ Հայ պատրիարքարանները, ինչպես նաեւ քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչներ պատրաստվում են սույն դեպքի առնչությամբ ցույց անել դեպքի վայրում:

Հայր Աղանը նաև նշեց, որ սա վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրորդ նմանատիպ դեպքն է: Հին քաղաքի Հայոց թաղամասի պատերին դարձյալ հրեա ծայրահեղականները գրել էին նույն արտահայտությունները՝ ավելացնելով հայ ազգությունը. «Մա՛հ քրիստոնյաներին, մա՛հ արաբներին, մա՛հ օտարներին եւ հայերին, վրեժ»:

Հիշեցնենք, որ երեկ Երուսաղեմում մի խումբ հրեա ծայրահեղականներ սադրել են հայկական ռեստորանի աշխատակիցներին, ինչից հետո մարդիկ սկսել են միմյանց վրա աթոռներ նետել, սկսվել է ծեծկռտուք:

 

Ռեբեկա Հովհաննիսյան