Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Լաստիվեր (լուսանկարներ)

MediaHub.am-ն իր հետևորդների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի քսաներորդ տեսարժան վայրը՝ Լաստիվեր։
Հետաքրքիր փաստեր Լաստիվերի մասին
Լաստիվերը մի վայր է, որի գեղեցկության և առանձնահատկությունների մասին դուք գուցե լսել եք, բայց դեռևս չունեք ոչ մի գաղափար, թե որտեղ է այն գտնվում:
Մենք կօգնենք ձեզ այդ հարցում:
Լաստիվերն առօրյա խնդիրներից խուսափելու և բնությանը մոտ գտնվելու համար հիանալի վայր է:
Այնտեղ դուք կարող եք տեսնել քարանձավներ, որտեղ ժամանակին ճգնավորներ են ապրել:
Քարանձավները հսկայական կիրճի եզրին են, և հնում այստեղ բարձրանալու համար մարդիկ ստիպված են եղել մեկը մյուսի վրա շարված գերաններից աստիճան կառուցել, որն ավելի շատ նման էր լաստի, ոչ թե աստիճանի և այդ իսկ պատճառով այդ վայրը ստացավ «Լաստիվեր» անվանումը:
Մեկ այլ վարկածով՝ այստեղ բարձրացել են պարանով կապված փայտե հարթակի՝ լաստի միջոցով: Նստելով այդ տախտակին՝ քարանձավ բարձրացողը բղավել է. «Լաստն՝ ի վեր», այսինքն՝ լաստը բարձրացրեք դեպի վեր: Վերևից լսելով հրահանգը ու տեսնելով, որ կանչողը յուրային է՝ քաշել են պարանը դեպի քարանձավի մուտքը:
Բացի այդ, այնտեղ է գտնվում նաև «Լաստիվեր Անապատը», որտեղ կարող ենք տեսնել ծառերի վրա կառուցված բազմաթիվ գեղեցիկ խրճիթներ և տներ, որոնք ծառայում են որպես գիշերակաց զբոսաշրջիկների համար:
Որտե՞ղ է գտնվում Լաստիվերը
Լաստիվերը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Տավուշի մարզում, Ենոքավան գյուղի ծայրամասում: Պետք է Տավուշի խիտ անտառներով իջնել Խաչաղբյուր գետի կիրճը, որտեղ էլ գտնվում է այդ թաքնված գանձը: Իսկ արահետի վերջում մեր առջև կբացվի Լաստիվերի ջրվեժի գեցեցիկ տեսարանը:
Լաստիվերը հանրության համար առավել հայտնի դարձավ 2000-ականների սկզբին, երբ էկոտուրիզմի սիրահարները սկսեցին արշավներ կազմակերպել դեպի Լաստիվեր:
Տեղանքը թաքնված է սաղարթախիտ անտառի մեջ: Ժայռերի խորքից բխող գետը, սլացիկ ծառերը և ուղղաձիգ ժայռերը հեքիաթային են դարձնում տեղի բնությունը:
Տեղի Քարանձավում, XIII-XIVդդ. մոնղոլական արշավանքների ժամանակ, իր ապաստանն էր գտել բնակչությունը: Քարանձավը գտնվում է ձորի գրեթե ուղղաձիգ լանջի վրա: