Խոշոր հրդեհ՝ Երևանում. Nissan Tiida-ում առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից

Փետրվարի 28-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում. ժամը 04։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամ Խաչատրյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 33-ամյա Արմենուհի Հովհաննիսյանին պատկանող Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայում։
Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով են փորձել մարել կրակը, սակայն այն շատ արագ է տարածվել, և հրշեջների՝ կրակը մարելուց հետո ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
ԱԻՆ ՓԾ հրդեհային անվտանգությունում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը։