Երեխաների ապօրինի վաճառքի գործը մակագրվել է Մնացական Մարտիրոսյանին

Երեխաների ապօրինի վաճառքի գործը մակագրվել է Մնացական Մարտիրոսյանին

Երեխաների  ապօրինի վաճառքի գործն արդեն դատարանում է։ Գործով անցնում է 11 անձ, որոնցից 7-ը՝ կանայք։  Ամբաստանյալի աթոռին են հայտնվել Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, ցերեկային ստացիոնարի վարիչ Արամ Շահբազին, Արդարադատության  ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ։

 Նրանք մեղադրվում են խմբի կազմում երեխաների վաճառքն իրականացնելու մեջ։ Այս գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին։

 Թե քանի տուժող է ներգրավված այս գործում, «Դատալեքս» տեղեկատվական համակարգում չի երեւում։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը մեկ այլ գործով մեղավոր է ճանաչվել  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, սակայն ՀՀ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, նշանակված` ազատազրկում 3 (երեք) տարի ժամկետով պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանվել է  փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:
Ռազմիկ Արշալույսի Աբրահամյանի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության համապատասխան տարածքային մարմնին: