Փաշինյանի նոր գործիքը
Կառավարությունն առաջարկում է փաստահավաք խումբ ստեղծել, որը կզբաղվի 1991-2023 թթ. ներառյալ տեղի ունեցած դեպքերի և իրադարձությունների ուսումնասիրմամբ, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմամբ։ Ընդ որում, փաստահավաք խումբը ստեղծվելու է Հանրային խորհրդի կազմում, որն, իր հերթին, նոր կազմ է ունենալու:
Առանց վարանելու կարող ենք պնդել, որ սա նախընտրական տրամաբանության մեջ տեղավորվող քայլ է՝ անկախ այն հանգամանքից ընտրությունները հերթական, թե արտահերթ կլինեն:
Փաստահավաք խմբի արդյունավետությունը կարող էր կասկած չհարուցել հեղափոխությունից հետո, հիմա այն ամբողջովին թելադրվելու է ներքաղաքական կոնյուկտուրային, ավելի ստույգ՝ Փաշինյանի քաղաքական շահին:
Քաղաքական լեգիտիմության դեֆիցիտ ունեցող իշխանությունը չի կարող անաչառ փաստահավաք առաքելություն իրականացնել:
Հետպատերազմյան շրջանում Նիկոլ Փաշինյանի առաջնահերթությունները չեն փոխվել. մի կողմից, նա ձգտում է պատերազմի պատասխանատվությունը բարդել ներքին և արտաքին մյուս խաղացողների վրա, մյուս կողմից՝ պահպանել իշխանությունը:
Հենց այս տրամաբանությամբ էլ գործելու է փաստահավաք այն խումբը, որը մտադիր է ստեղծել իշխանությունը: Նա դառնալու է քարոզչական գործիք իշխանության և մահակ ընդդիմության համար:
Վահրամ Բագրատյան