Ազերիները չէին էլ մտածում հայի մազին կպնել, բայց ներկա իշխանությունները ծնկի են եկել․ Սասունյան
Չեմ հավատում, որ Թուրքիան կընդունի ցեղասպանություն գործելը։ Նույնն է, որ այստեղից ինչ-որ մեկն ասի՝ հինգ տարի առաջ մարդ եմ սպանել, ձերբակալեք ինձ։ Նրանց անելիքը կարևոր չէ, կարևորն այն է, թե մենք ինչ պետք է անենք մեր ազգի և մեր ապագա սերունդների համար։
Այս մասին այսօր «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցելու ընթացքում MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ Համբիկ Սասունյանը։ Հիշեցնենք, որ Սասունյանը 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին սպանելու մեղադրանքով դատապարտվել էր, նախորդ տարվանից նա արդեն ազատության մեջ է։
«Հիմա մենք ունենք մի իշխանություն, որը, կարծես, ամեն ինչ անում է, որ ազգային ոգին մեր ժողովրդի մեջ սպանի․ ճանապարհհների անուններ են փոխում, հուշարձաններ են հանում, դպրոցներում ազգային դաստիարակչություն չկա, կարծես թե ուզում են Հայաստանը թուրքերով, օտարներով լցնել: 10-20 տարի անց Հայաստանում այլևս հայեր չեն մնա։ Նայեք Իսրայելին, այնտեղ օր ու գիշեր հայրենասիրություն են սովորեցնում, իսկ մեր իշխանությունը ճիշտ հակառակն է անում։ Մի քանի տարի առաջ այսպես չէր, մի քանի տարի առաջ մենք կազմակերպված էինք, ունեինք բանակ, ազերիները չէին էլ մտածում հայի մազին կպնել, բայց ներկա իշխանությունները ծնկի են եկել, վախկոտ են, քաջություն չունեն, գյուղերից եկած մարդիկ են, որոնք 2-3 հարյուր հազար դոլարանոց մեքենաներով պտտվում են Երևանում, իսկ զինվորները հաց չունեն ուտելու»,-շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։