Ո՞րն է Աննա Հակոբյանին նվիրած ծաղկեփնջի գինը. «Հրապարկ»

Այս տարվա մայիսի 2-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակված Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը երկու օր առաջ ծաղկեփնջով դիմավորում էր իրեն քաղաքական հետապնդման ենթարկած Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին։ Համացանցը երկու օր է՝ Փարամազյանին թուքումուր է տալիս՝ ոչ մի կարգավիճակ չունեցող Աննա Հակոբյանի առջեւ մինչեւ գետին խոնարհվելու, տղամարդկային թասիբն ու արժանապատվությունը մի կողմ թողած՝ իրեն բանտարկածի կնոջն այդպես պատվելու համար։ Եվ հիշում են, թե ինչպես էր նա ժամանակին, որպես «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, Վահե Հակոբյանի հետ կանգնել Ռոբերտ Քոչարյանի կողքն ու «սյունյաց ողջույններ» հղում Աննայի վարչապետ ամուսնուն։ Այսօր, սակայն, Վահե Հակոբյանը հայտարարում է, որ Մանվել Փարամազյանը, որի ազատության համար պայքարում էին իրենք, այլեւս «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ չի հանդիսանում:
«Մանվել Փարամազյանի` «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը կայացվել է դեռ մայիսի սկզբին: Հունիսի վերջին տեղի ունեցած արտահերթ համագումարի արդյունքում դադարեցման որոշումն ի կատար է ածվել՝ թե՛ որպես վարչության անդամ, թե՛ որպես կուսակցության անդամ առհասարակ»,- ասել է Հակոբյանը։
Այսինքն՝ Փարամազյանը դեռ կալանքից ազատվելուց անմիջապես հետո է հեռացվել կուսակցությունից։ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից չեն ցանկանում նշել, թե ինչ պատճառով է Փարամազյանը հեռացվել կուսակցությունից, մեզ ասացին՝ պատճառը, հավանաբար, Փարամազյանի կողմից իշխանությունների թրի տակով անցնելու ու նրանց հլու-հնազանդ ծառայելու որոշումն է եղել՝ հանուն ազատության, որ այլեւս չկալանավորեն։
Սեպտեմբերին նաեւ Քաջարանի համայնքապետի ընտրություններն են, եւ Փարամազյանը ցանկություն ունի մասնակցել դրանց, բայց չի ցանկանում Առուշ Առուշանյանի նման՝ մասնակցել բանտից, քանզի վստահ չէ, որ ինքն էլ Առուշի նման բանտից կարող է հաղթել իշխանությանը։ Ու նաեւ դա է պատճառը, որ նա այդպես ջերմեռանդորեն խոնարհվում էր Աննա Հակոբյանի առջեւ՝ հույսով, որ նա դեր կխաղա իր՝ ազատության մեջ մնալու հարցում։ Մանավանդ՝ գործը քննող դատավորը հայտնի Արմեն Դանիելյանն է` իշխանությունների սրտի դատավորներից մեկը:
Իսկ մոտ օրերս՝ հուլիսի14-ին, նորից Փարամազյանի գործով դատական նիստ է նշանակված, որտեղ հնարավոր է կալանքի տանելու հարց քննվի։ Մանվել Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց՝ ինքը նման տեղեկություն չունի, որ Փարամազյանին կարող են նորից կալանքի տանելու միջնորդություն ներկայացնել։ Նա նշեց, որ ոչ մի բան, ըստ էության, չի փոխվելու, գործը շարունակում է ընթանալ` ինչպես ընթանում էր։
«Վկաների ենք հարցաքննելու, վկաների մեծ մասին հարցաքննել ենք, կային մի քանի վկաներ, որոնց դատարանը ծանուցել է, որ էդ օրը հարցաքննենք»,- ասաց Վարոսյանը։
Մեր դիտարկմանը, թե տեսակետ կա, որ Մանվել Փարամազյանի՝ Աննա Հակոբյանին այդպես դիմավորելը կապված է հենց այդ դատական նիստերի հետ, որ շարունակի մնալ ազատության մեջ, Փարամազյանի փաստաբանն ասաց․ «Ես չգիտեմ, նման տեղեկություն չունեմ, էդ հարցն իրավական էլ չի, որ ես նման տեղեկություն ունենամ։ Ես իմ պաշտպանյալների հետ քրեական գործերից դուրս որեւէ բան չեմ քննարկում»։
Ի դեպ, Փարամազյանի արարքն ամենածանրը տարել են սյունեցի իր ընկերները, որոնց համար եւս դա անսպասելի է եղել: