Վերավաճառողների աստղային ժամն է. Խորվաթիայի հետ հանդիպման տոմսերը հանվել են վաճառքի

Սեպտեմբերին Երևանում կայանալու է Հայաստան-Խորվաթիա ֆուտբոլային հանդիպումը: Ու որքան էլ երկրպագուները սպասում էին, որ սկսվի տոմսերի վաճառքը, այդուհանդերձ ոչ բոլորի բախտը բերեց ձեռք բերել բաղձալի տոմսերը:
Հուլիսի 6-ին ՀՖՖ պաշտոնական կայքում հայտնվեց հետևյալ բովանդակությամբ հայտարարությունը.
«Սիրելի՛ երկրպագուներ,
Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը վերսկսված է:
Տոմսեր ձեռք բերել ցանկացողների ահռելի մեծ քանակով պայմանավորված՝ ՀՖՖ տոմսերի վաճառքի պաշտոնական կայքը դադարեցրել էր իր գործունեությունը. կայքում միաժամանակ մոտ 5000 օգտատիրոջ գտնվելը և տոմս ձեռք բերելու փորձերը հանգեցրել էին կայքի խափանմանը....»: Սակայն այս հայտարարությանը զուգահեռ բազմաթիվ քաղաքացիներ գրեցին, որ միևնույնն է կայք մտնել չի հաջողվում, իսկ մի քանի ժամ անց տեղեկացվեց, որ բոլոր տոմսերը սպառվել են:
Եվ ահա՝ վերավաճառողների աստղային ժամն է. այս պահին արդեն համացանցում բազմաթիվ վաճառքի հայտարարություններ կան, մարդիկ, որոնք չգիտես ինչպես հաջողացրել էին գնել տոմսերը մի քանի հազար դրամով, այսօր դրանք վաճառում են մի քանի անգամ թանկ գնով: Օրինակ, տողերի հեղինակին, որը ևս փորձում էր ՀՖՖ-ի մատնացույց արած ճանապարհով գնել տոմսեր, բայց չհաջողեց, վերավաճառողներից մեկը 3000 դրամանոց տոմսը 30 000 դրամով առաջարկեց: Սա աբսուրդ է:
Եվ որքան մոտենա հանդիպման օրը, այս գինը էլ ավելի է աճելու:
Համացանցում այս պահին հնարավոր է ձեռք բերել տոմսեր սկսած 4000, 8000 դրամից մինչև անվերջություն՝ նայած, թե ում ֆանտազիան որքանի կհերիքի:
Ի դեպ, զարմանալի է, թե ինչու է ՀՖՖ-ն խաղից երկու ամիս առաջ սկսել տոմսերի վաճառքը, և այս հարցը միայն մենք չէ, որ բարձրացնում ենք... Մի խոսքով, շատերի համար այս ֆուտբոլային հանդիպումը, անգամ եթե նրանք ֆուտբոլասեր չեն, մի շարք հաճելի պահեր կպարգևի՝ հեշտ եկամուտի տեսքով: