Բանակցող է պետք փոխել, պարտված իշխանությունը կարող է միայն պարտություն բերել․ Թևան Պողոսյանը՝ եռակողմ հանդիպման մասին

Բանակցող է պետք փոխել, պարտված իշխանությունը կարող է միայն պարտություն բերել․ Թևան Պողոսյանը՝ եռակողմ հանդիպման մասին

Հայտարարությունից հասկանում ենք, որ Հայաստանի գործող իշխանությունների վարած դիվանագիտության մեջ այլևս Արցախը գոյություն չունի։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ խոսելով ապրիլի 6-ին կայացած եռակողմ հանդիման մասին:

Նշենք, որ Բաքվում հայտարարել են, որ Բրյուսելում Ալիևի և Փաշինյանի հանդիպման արդյունքներն իրենց շահերից է բխում, սակայն հայկական կողմը հայտարարություն է տարածել այն մասին, որ մինչև ապրիլի վերջ կստեղծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով։ «Նիկոլ Փաշինյանը եթե հաջողություններ ունենար, հենց ինքը լայվ չէ՞ր մտնի։ Ե՛վ Միշելի տված հայտարարությունն էր ավելի մանրամասն, և՛ Ադրբեջանի կողմից են մանրամասն ներկայացրել։

Սա նշանակում է, որ այդ 4,5 ժամվա մեջ Փաշինյանը, գուցե, փորձել է ինչ-որ բաներ ներկայացնել, բայց չի ստացվել։ Պարտված իշխանությունը, կարող է միայն պարտություն բերել, բանակցող է պետք փոխել, որ այդ բանակցությունների սեղանին կարողանա փորձի փոփոխություններ անել»,-ասաց նա։ Պողոսյանի խոսքով՝ դեռ ժամանակ կա՝ կատարել քայլեր, որ մինչև ապրիլի վերջ այդ հանձնաժողովները չձևավորվեն։

«Լավ, սկսում եք ձեր այդ սահմանների դելիմիտացիան, եկեք ճանաչենք Արցախը, որ դրանից հետո ասենք՝ Արախը Ադրբեջանի կազմում չի լինելու։ Սա պետք է անենք, բանակցող փոխենք, որ ամեն ինչ խաղաղ արվի։ Ասում են՝ անվտանգության խնդիր կա, անվտանգության հարցում, դուք՝ ինքներդ չե՞ք հասկանում, որ ձեր՝ այդ աթոռին մնալը չի օգնում, միայն վատ հետևանքներ են։ Դե հիմա սպասենք պատասխաններին, վստահ եմ, որ հայկական կողմից ով մտահոգություն բարձրացնի, կոպիտ արձագանքելու են, Ալիևն էլ ինչ ասես «թափ կտա» իրենց վրա (իրենց բառապաշարով եմ ասում), իրենք էլ կլռեն»։

Դիտարկմանը, թե Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումը որակել էր «գերազանց և շատ արդյունավետ»՝ Պողոսյանն արձագանքեց՝ պետք է պարզապես ուշադիր նայել և հասկանալ, թե Շառլ Միշելն ում շահերն է ներկայացնում։

«Միակ մարդը, որ կարող էր հայկական գնահատակալ տալ, դա պետք է լիներ Հայաստանի ներկայացուցիչը։ Նկարները տեսեք, թե Միշելն ինչպես է առանձին հանդիպման ժամանակ նայում Ալիևին։ Լուկաշենկոյին ինչ ասես ասում են, Ալիևին ասում է՝ դու մեր ախպերն ես։ Եվրոմիությունը, եթե ասելու բան ունենար 2020-ի սեպտեմբերի 27-ին կասեր, սա իրենց շահերից է, որ այս կոնֆլիկտն այսպես լուծվի, ավարտվի, որ իրենց համար նավթն աշխատի, ճանապարհներեր լինեն, առևտուր անեն, թե Հայաստանը մեծ է լինելու, փոքր է լինելու, Արցախը լինելու է, չի լինելու, իրենց հետաքրքիր չի»,-շեշտեց քաղաքագետը։

Պողոսյանը նշեց, որ անգամ խոսք չի եղել Արցախի գազի խնդրի մասին, վերջին շրջանում Փառուխի իրադարձությունների մասին։

«Արդեն պետք է հարմարվենք, որ Եվրոմիությունը քառակուսի ստանդարտների միություն է, իրենց ներկայացուցիչներն էլ ոչ մի բանով չեն տարբերվում»,-ասաց նա և հավելեց, որ հայկական շահերին սպասարկող նախադասություններ այդպես էլ չենք կարդալու հայտարարությունների մեջ, քանի դեռ մեր բանակցողը նույն անձն է։

«Ի՞նչ է արել Հայաստանի իշխանությունը, փաստաթուղթ չի ստորագրվել, բայց առաջին անգամ հայտարարություն է եղել, որտեղ Արցախ բառը չի օգտագործվում»։

Լիաննա Թորոսյան