Արցախում պատրաստվում են սահմանադրական փոփոխություններին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական ուժերը կողմ են սահմանադրական հանրաքվեին, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա այս տարվա աշնանը: Փոփոխություններով անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգին, ինչպես նաեւ՝ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն անցկացվելու են առանձին՝ համապատասխանաբար 2023 եւ 2024 թվականներին։
Մեր աղբյուրներն ասում են, որ անգամ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունն է կողմ, քանի որ առանց նրանց էլ կար քաղաքական կոնսենսուս, եւ գործընթացներից դուրս մնալը կնշանակեր հայտնվել քաղաքական լուսանցքում։ Բացի այդ, մեզ ասացին՝ Բաբայանը գիտակցում է նոր ԱԺ ընտրություններում իր գլխավորած ուժի խորհրդարան չանցնելու մեծ հավանականությունը: Մեկ տարի առաջ Արցախում նախատեսվում էր ընդդիմադիր շրջանակներին ընդգրկել կառավարման համակարգում, ձեւավորել ազգային համաձայնության կառավարություն։ Իհարկե, ֆորմալ առումով հուշագիր չստորագրվեց, սակայն քաղաքա- կան գրեթե բոլոր ուժերն ընդգրկվեցին կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ ամիսներ առաջ արդեն իսկ սկսվել է սահմանադրական փոփոխությունների նախապատրաստությունը։ Այդ ծրագրի շրջանակներում է Վիտալի Բալասանյանի անվան հետ կապվող «Արդարություն» կուսակցության անդամ Նորայր Մուսայելյանը նշանակվել գյուղատնտեսության նա- խարար։ Մինչ այդ նա զբաղեցնում էր էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը: Իսկ Արցախի ՀՅԴ առաջնորդներից մեկը՝ ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանի որդին՝ Լեւոն Սարգսյանը (ով մի քանի տարի առաջ հեռացվել էր Սննդամթերքի անվտանգության ծառայության պետի պաշտոնից) նորաբաց տեսչական կոմիտեի նախագահի պաշտոնն է զբաղեցնում:
Մեկ այլ ՀՅԴ-ական՝ Լեռնիկ Հովհաննիսյանն էլ նշանակվել է մշակույթի փոխնախարար: Արցախի ԱԺ է վերջերս մուտքագրվել «Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը, որի միջոցով հանվում է տվյալ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Գրիգորյանին (պաշտոնավարման ժամկետը լրանում է ամռանը) այդ պաշտոնում վերանշանակվելու օրենսդրական արգելքը։ Վերջինս սահմանադրական փոփոխությունների համար ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար Արայիկ Լազարյանի ընկերն է։ Ուշագրավ է, որ նախագծով այդ պաշտոնի հավանական թեկնածու, հանձնաժողովի նախկին նախագահ (2019) Հակոբ Ղահրամանյանի նշանակվելու հնարավորությունը բացառվում է (3 տարի հե- տո նշանակվելու հնարավորությունը փոխարինվում է 5 տարով)։ Սամվել Բաբայանի կուսակցական քվոտայով է նշանակվել նաեւ փոխարտգործնախարարը՝ Բաբայանի կուսակից Անուշ Դոխոլյանն է այն զբաղեցնում։ Մեկ այլ կուսակցական՝ Գագիկ Նազլուխանյանն էլ սոցապփոխնախարարն է: ԱԺԿ ղեկավար Աշոտ Ղուլյանն էլ կառավարությունում ներկայացված է ՄԻՊ-ի տեսքով, Գեւորգ Ստեփանյանի թեկնածությունը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում հենց Ղուլյանն է ներկայացրել:
Այժմ ընթանում է նախարարությունների ձեւափոխում, նոր կոմիտեների ստեղծում, օրենքների փոփոխություններ, որպեսզի հիմքեր ստեղծվեն սահմանադրական փոփոխությունների համար։ Չի բացառվում, որ այդ փոփոխություններից հետո քաղաքական ուժերի ներկայությունն Արցախի կառավարությունում մեծանա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։