Դառը ճշմարտություններ կամ՝ էլ ո՞ր հարցերում է ընդդիմությունը պարտվում իշխանությանը
Քանի որ ցինիզմն այս իշխանությունների խոսույթի անբաժանելի մասն է, հետևաբար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ցինիկաբար որոշեց հեգնել ընդդիմությանը՝ պատասխանելով առաջիկա թեժ աշնանը վերաբերող հարցին։
«Հայաստանի Հանրապետության ընդդիմությումնը ՀՀ իշխանության համար ամենահարմար ընդդիմությունն է։ Այսօրվա ընդդիմությունը մեր Աստծո պարգևն է, ես շնորհակալ եմ այսօրվա ընդդիմությանն իրենց գոյության, իրենց աշխատանքի համար»,- ասաց Սիմոնյանը՝ գնալով էլ ավելի վստահ տոնայնությամբ պնդելով իր միտքը, որ մենք էլ հավատանք։
Նա նաև անկեղծորեն նկատեց, որ եթե իրենք հնարեին, թե որը կլինի իրենց համար ամենահարմար ընդդիմությունը, դժվար թե ավելի լավը հնարեին։
MediaHub-ն այդ խոսքի վրա նկատեց, թե կարո՞ղ է հենց իրենք էլ հնարել են այս ընդդիմությանը։
«Լսի՛ր, ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը կհամաձայնեն, որ մենք ենք իրենց հնարել կամ Բագրատ Սրբազանը․․․ Ես մի այլ կարգի վայելում եմ այն ամենը, ինչ տեղի է ունենում, իսկ տեղի է ունենում այն, ինչ ես ասաց, և դա շարունակվելու է, Բագրատ Սրբազանը մնալու է փողոցում, շատ երկար շրջելու է Երևանի փողոցներով, և չգիտեմ՝ ինչով է դա ավարտվելու, բայց ես, անկեղծորեն, մեծ հաճույք եմ ստանում դրանից»,- իր քաղաքական հաճույքների մասին անկեղծացավ քաղաքական թիվ մեկ ամբիոնի գլխավոր խոսնակը։
Ալեն Սիմոնյանը, ցավոք սրտի, դառը ճշմարտություններ էր ասում ընդդիմության մասին, որին մի քանի տարի է՝ ոչ մի կերպ չի հաջողվում «օր առաջ հեռացնել» այս իշխանությանը, ինչից էլ ոգևորվում են Ալեն Սիմոնյանն ու իր թիմակիցները և էլ ավելի ջերմեռանդորեն են Հայաստանը տանում դեպի կործանում, քանզի խանգարող չկա։
Ալեն Սիմոնյանից հետո լրագրողների հետ ճեպազրույցի եկավ ընդդիմության կարկառուն դեմքերից Իշխան Սաղաթելյանը։ Միանգամից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է, որ իրենք Աստծո պարգև են և ամենահարմար ընդդիմությունը այս իշխանության համար։
Իշխան Սաղաթելյանը որոշեց փոխադարձ հեգնանքով արձագանքել ԱԺ նախագահի մտքերին․ «Քանի որ Ալենը Ալիևի պարգևն է մեր ժողովրդին, էդ տրամաբանությամբ առաջնորդվում է, խնդրում եմ՝ ավելի լուրջ հարցեր տվեք»։
Համաձայնեք, ընդդիմությունը պոպուլիզմի և ցինիզմի հարցում էապես զիջում է իշխանականներին, դրա համար էլ ոչ բովանդակային դաշտում են կարողանում արժանի հակահարված տալ ՔՊ-ականներին, ոչ ցինիզմի և պոպուլիզմի։ Սա մի կողմից լավ է, որ գոնե ընդդիմությունը այդքան ցինիկ ու պոպուլիստ չէ, մյուս կողմից էլ վատ է քաղաքական պայքարի տեսակետից, քանի որ այսօրվա տեխնոլոգիաների և հասարակության սպառողական պահանջմուքնների ծիրում ընդդիմության ունեցած գործիքակազմն ու հայրենասիրական հռետորաբանությունը չեն կարողանում հաղթաթուղթ ապահովել հայրենասիրությունը պոպուլիզմին ու ստամոքսին ստորադասած իշխանության դեմ պայքարում։
Վահե Մակարյան