ՌԴ-ն լավ, թե վատ՝ խաղաղություն է ապահովում Ղարաբաղում, բայց պետք է երկխոսել. Սամվել Բաբայան

ՌԴ-ն լավ, թե վատ՝ խաղաղություն է ապահովում Ղարաբաղում, բայց պետք է երկխոսել. Սամվել Բաբայան

Չգիտեմ, Արայիկ Հարությունյանը պետք է երկխոսի Ադրբեջանի հետ, թե մեկ այլ անձ, բայց ես իմ կարծիքին եմ, որ պետք է փոխվստահություն լինի, դրա համար կողմերը պետք է միասին մի քանի հարց քննարկեն։ Սա բանակցություն համարել սխալ է, քանի որ քաղաքական խնդիր չէ։ Պետք է հավաքագրվեն բոլոր հարցերը, մի ընդհանուր փաստաթուղթ հղկվի,  որի շուրջ արդեն պետք է սկսվի երկխոսությունը։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:

Հիշեցնենք, որ  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին խորհրդակցություն է հրավիրել և ասել, որ պատրաստ են Բաքվի հետ երկխոսել։ Ըստ մամուլի՝ Հարությունյանը ասել է, թե Ռուսաստանը պետք է ստանձնի միջնորդի դերը։

«Էական չէ, թե ով կնստի այդ երկխոսության սեղանին, էականն այն է, որ այդ հղկված փաստաթղթի շրջանակից դուրս որևէ բան պետք է չքննարկվի։ Միայն այս դեպքում Ադրբեջանի ողջ քայլերը կհասկանանք։ Մենք չենք գնալու ու իրենց հետ մեր կարգավիճակը քննարկենք, մենք չենք գնալու ու իրենց հետ քաղաքական հարցեր լուծենք, մենք ասում ենք՝ մեր մեջ եղած բոլոր այն խնդիրները, որոնք լարվածություն են մտցնում, պետք է հնարավորինս թուլացնենք, որպեսզի կարողանանք ինչ-որ հարցերի շուրջ խոսել։ Արցախը պետք է նստի, իր հարցերը լուծի. Ադրբեջանի վրա ոչ մեկը չի կարողանում այսօր, ոչ մի գերտերություն չի կարողանում Ադրբեջանին սաստել, ճնշել ու խնդիր լուծել։ Ադրբեջանն ուղիղ ասում է՝ կա՛մ դուք նստում ու խոսում եք մեզ հետ, կա՛մ ոչինչ չի փոխվելու»,-նշեց Բաբայանը։

Դիտարկմանը, թե ինչպես է հնարավոր նստել ու երկխոսել այն պետության հետ, որն առաջ է տանում ինտեգրման թեզը, վերջինս պատասխանեց, որ հիմա հնարավոր չէ հստակ մեկնաբանել սա, քանի որ միայն հեռվից են խոսում Ադրբեջանի հետ։

«Եթե այն փաստաթուղթը, որը պետք է պատրաստվի ու այդտեղ Ադրբեջանը միայն խոսի ինտեգրման մասին, պարզապես կանցնենք մեր մյուս սցենարին, բայց հիմա իրենց լրատվականները ևս խոսում են իմ ասած փոխվստահության մասին։ Արցախցին այսօր բառացի գերի է ընկել ու որևէ մեկը չի մտածում իրենց մասին։ Ադրբեջանը փակել է ու ասում է թքած ունեմ աշխարհի վրա, եկեք Աղդամով առևտուր արեք ինձ հետ, եթե չէ, ուրեմն չէ, վերջ։ Այն մարդիկ, որոնք գոռում են, թե պիտի պայքարենք, չեն էլ կարողանում ասել, թե ինչի համար պետք է պայքարեն, ինչ նպատակ ունեն, ինչ խնդիր են լուծելու, բայց պիտի պայքարեն: Կներեք, բայց ձեր գոռալը ոչինչ չի փոխի։ Ես համարում եմ, որ բոլորը պատասխանատու են ու պետք է որոշում կայացնեն»,- ներկայացրեց Բաբայանը։

Խոսելով ռուս խաղաղապահների գործառույթների և նույն ժամանակ շարունակվող ադրբեջանական սադրանքների մասին, Սամվել Բաբայանն արձագանքեց․

«Սա մի փաթեթ է, որտեղ Ադրբեջանը մեզ ցույց է տալիս, թե ռուսները մեզ օգուտ չեն տա ու պետք չի իրենց վրա հույս դնել։ Ամեն դեպքում, ՌԴ-ն լավ, թե վատ՝ խաղաղություն է այստեղ ապահովում, այս փուլում։ Բայց նույն ժամանակ այս ամենի լուծումը ևս պետք է գտնել երկխոսության օրակարգում»,-հավելեց նա։

Լիաննա Թորոսյան