Ճապոնիան անընդունելի է համարել Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների դադարեցումը

Մարտի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը հրաժարվում է Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից։ Խորհրդարանում դեբատների ժամանակ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ երկիրն անընդունելի է համարում Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների դադարեցումը: Կիսիդան Մոսկվայի որոշումը անվանել է «բացարձակապես անարդարացի և լիովին անընդունելի»։ «Խիստ բողոք ենք հայտնում», - ասել է նա։
Ճապոնիայի վարչապետը նաև նշել է, որ երկիրը չի փոխի սեփական կուրսը Կուրիլյան կղզիների հարավային հատվածի խնդրի լուծման և խաղաղության պայմանագրի կնքման հարցում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում, ի պատասխան Տոկիոյի պատժամիջոցների՝ Մոսկվան դադարեցնում է Ճապոնիայի քաղաքացիների առանց վիզա ճանապարհորդությունը Կուրիլյան կղզիներ։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունն արգելափակում է Ճապոնիայի կարգավիճակի երկարաձգումը՝ որպես Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործընկեր։