Տիգրանաշենն էլ է՞ հանձնվելու Ադրբեջանին․ ՔՊ-ականը չունի պատասխան

Տիգրանաշենն էլ է՞ հանձնվելու Ադրբեջանին․ ՔՊ-ականը չունի պատասխան

Նորություն չկար Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների մեջ՝ Արցախը եւ այսպես ասած անկլավները Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ դիտարկելու վերաբերյալ․ MediaHub-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում այս մասին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Վերջինս նշեց, որ անկլավների թեման դեռեւս քննարկման առարկա պետք է դառնա։ 

«Անկլավների հետ կապված հարցը դեռեւս ունի մի շարք խնդիրներ։ Դրանք վերաբերում են անկլավների իրավական հիմքերին եւ հետագա հնարավոր լուծումներին, որոնցից է, օրինակ, այն, որ դրանք կմնան այն պետությունների տիրապետության ներքո, որի ներքո գտնվել են մինչ այժմ»,-ասաց նա։

Լրագրողի ճշտող հարցին՝ Տիգրանաշենը, որը Նիկոլ Փաշինյանը համարում է, այսպես ասած, անկլավ, տրվելո՞ւ  է Ադրբեջանին, Հովհաննիսյանն արձագանքեց.

«Ձեր հարցն այս պահին չունի պատասխան, որովհետեւ 29,800 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում է Արծվաշենը, ինչպես Ադրբեջանի 86,600-ի մեջ մտնում են այն անկլավները, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո։ Բանակցությունների ընթացքում սցենարները կարող են տարբեր լինել. կարող են մնալ այն պետությունների վերահսկողության ներքո, որի ներքո մնացել են մինչ այժմ, կարող է նաեւ անկլավների փոխանակում լինել։ Քառակուսի կիլոմետրերով մենք խոսում ենք գրեթե հավասար տարածքների մասին»,-նշեց Հովհաննիսյանը։