Նոր սերնդի BMW 7-Series-ի դեբյուտը միաժամանակ երեք երկրներում տեղի կունենա

Նոր սերնդի BMW 7-Series-ի դեբյուտը միաժամանակ երեք երկրներում տեղի կունենա

Հայտնի է դարձել Բավարիայի ապրանքանիշի նոր ֆլագմանական սեդանի շնորհանդեսի ամսաթիվը։ BMW 7-Series-ը կցուցադրվի ապրիլի 20-ին միաժամանակ երեք քաղաքներում՝ Մյունխենում, Պեկինում եւ Նյու Յորքում։ Նոր 7-Series-ը հնարավոր կլինի տեսնել Պեկինի Auto China 2022 ավտոսրահի ուղիղ եթերում, որը հանրության համար հաջորդ օրը բաց կլինի: «Վառելիքով» մոդելի հետ միասին կներկայացվի նաեւ «յոթի» էլեկտրական տարբերակը՝ i7-ը, գրում է Motor-ը։

Բավարացիները խոստանում են, որ հենց էլեկտրական սեդանը կդառնա ամենահզորը 7-Series-ի բոլոր մոդիֆիկացիաներից։ Ինսայդերները պնդում էին, որ i7-ը կունենա առնվազն երկու մոդիֆիկացիա՝ երկու եւ նույնիսկ երեք էլեկտրաշարժիչներով։ Ֆլագման սեդանի թոփ տարբերակի էլեկտրական հզորությունը կգերազանցի 650 ձիաուժը։

Ինչպես կանխատեսում էին լրտեսական կադրերը, նոր «յոթը» XM Concept հիբրիդային քրոսովերի դիզայն կստանա՝ երկհարկանի օպտիկայով եւ ռադիատորի հսկա ցանցով, ինչպես նաեւ մուլտիմեդիական iDrive համակարգի վերջին տարբերակը եւ 31 դյույմանոց BMW Theatre Screen էկրանով ժամանցային համակարգ՝ հետեւի ուղեւորների համար:

iDrive 8 մեդիափաթեթը կարող է պարծենալ արհեստական բանականությամբ եւ BMW Curved Display կոր էկրանով, բացի այդ, 7-Series-ը հետին լուսավորությամբ եւ կառավարման ներկառուցված կոճակներով BMW Interaction Bar վահանակ կստանա, ինչպես նաեւ՝ զրոյից նախագծված Sky Lounge տանիք: Հետեւի նստարանների դիմաց՝ առաստաղին Bowers & Wilkins Diamond Surround Sound աուդիոհամակարգով լայնաֆորմատ 8K կտեղադրվի՝ 7-Series-ը փաստացի շարժական կինոթատրոնի վերածելով: