Աբսուրդ է, ոչ ոք դուրս չի եկել, հրդեհից հետո զինվորները 10-15 րոպե են ունեցել, գոռացել են՝ հրդեհ է

Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի բռնկման եւ 15 զինվորի մահվան պատճառահետեւանքային կապը պարզապես խզված է, նախաքննական մարմինը մինչեւ այսօր որեւէ կերպ չի կարողացել հաստատել, որ զինվորները մահացել են հրդեհի հետեւանքով, ավելին, որքան քննությունը տարվում է, այդքան հակասությունները խորանում են․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց կապիտան Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։
Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանն էլ այսօր հայտարարեց, որ 100 տոկոսանոց ապացույց ունեն, որ 12.30-ին այդ տանը որեւէ խնդիր չի եղել, իսկ արդեն Ժամը 1.12 րոպեին Ազատ գյուղի զինվորական կացարանն ամբողջությամբ այրվելիս է եղել։
«Այսինքն արդեն անվերահսկելի իրավիճակում է եղել։ Երբ ես համադրում եմ կապիտանի պաշտպանի կողմից բերված պնդումը, որ ըստ կապիտանի` ինքը կոֆեի բաժակի չափով բենզին է լցրել վառարանը, այդ 30 րոպեի ընթացքում այդ մակարդակի հրդեհ առաջանալու համար խիստ կասկածելի է նույնիսկ ժամանակագրական առումով: Ես համադրում եմ փաստերը եւ ստանում հետեւյալը. 20 րոպեի ընթացքում որպեսզի այդ ծավալի հրդեհ առաջանա, անհրաժեշտ է ավելի մեծ միջոցի կիրառում, քան սուրճի բաժակով վառարանը բենզին լցնելն է»,-ասաց Նորիկյանը:
Գործով կալանավորված Եղիշե Հակոբյանի պաշտպանը շեշտում է՝ հրդեհի պատճառ կարող էր հանդիսանալ կապիտանի կողմից վառարանը բենզինով վառելու փորձը, բայց այն զինվորների մահվան պատճառ չէր կարող դառնալ։
«Հետեւաբար, ենթադրում ենք, որ զինվորների մահվան այլ հանգամանքներ են առկա։ Հրդեհից հետո զինվորները 10-15 րոպե ժամանակ են ունցել դուրս գալու։ Մեծ աղմուկ է բարձրացել, գոռացել են՝ հրդեհ է, դուրս եկեք։ Ոչ մի զինվոր դուրս չի եկել։ Հասկանու՞մ եք, սա աբսուրդ է։ Հնարավոր չէ որեւէ կերպ հասկանալ, թե ինչու դուրս չեն եկել»,-նշեց Սարգսյանը։
Դատաբժիշկները զինվորների մահվան երկու պատճառ են նշում՝ շմոլ գազ եւ բաց այրվածքներ։ Ըստ Սարգսյանի՝ մինչեւ շմոլ գազը եւ բաց այրվածքներ ստանալը, նրանք պետք է պայքարեին իրենց կյանքի համար։
«Կացարանը այրված է, դա փաստ է, արդյո՞ք մեկ սուրճի բաժակով լցված բենզինից է բռնկվել, թե այլ բանից, պատասխանը չունենք, որովհետեւ հրդեհատեխնիկական եւ այլ համալիր փորձաքննության եզրակացությունները դեռ չենք ստացել։ Նշեմ նաեւ, որ Եղիշե Հակոբյանի մազով կատարվել է նարկոլոգիական փորձանքննություն, փորձագետի եզրակացությամբ պարզվել է, որ նա երբեւէ թմրանյութ չի օգտագործել»,-ասաց նա։
Փաստաբան Սարգսյանը մի քանի անգամ կապիտան Եղիշե Հակոբյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել, բայց ապարդյուն։ Նրա խոսքով՝ իրավապահները ամեն անգամ մնում են այն կարծիքին, որ սպան անզգուշաբար բենզինը լցրել է վառարանը, հրդեհ է բռնկվել, որից էլ զինվորները մահացել են։
Իրավապահների այս դիրքորորշման պատճառը, ըստ կապիտանի պաշտպանի, Նիկոլ Փաշինյանի՝ դեպքի մասին արված հայտարարությունն է։
Մինչ հրդեհի հանգամանքներն ու զինվորների մահվան պատճառը պարզելու համար ձեռնարկված քննությունը կսկսվեր, Փաշինյանն այդ օրն առավոտյան կառավարության նիստում՝ ողբերգությունից ընդամենը ժամեր անց, հայտնեց.
«Բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաեւ բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, կրկին նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, մեծ հավանականությամբ՝ ոչ դիտավորյալ»։
Դեպքի առնչությամբ Փաշինյանի կանխակալ հայտարարությունը, ըստ Եղիշե Հակոբյանի փաստաբանի, կարող է ազդեցություն ունենալ իրավապահ մարմինների աշխատանքի վրա։
«Մինչեւ հիմա իրավապահները աշխատում են Նիկոլ Փաշինյանի վարկածի ուղղությամբ, հետեւաբար պետք է արձանագրենք, որ նախաքննությունը սկսվել է հունվարի 19-ին եւ ավարտվել է հունվարի 19-ին՝ կառավարության նիստում»,-ասաց Սարգսյանը։
Լիա Սարգսյան