Արեւմուտքն է պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Հերթական իշխանազավթման փորձը. Մամուլը՝ սուրճով

Արեւմուտքն է պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Հերթական իշխանազավթման փորձը. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում տեղեկություններ են շրջանառվում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ նաեւ Արեւմուտքից են «իջեցրել»։ Ավելի վաղ գրել էինք, որ կուսակցական նեղ հավաքներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թեպետ հպանցիկ, բայց անդրադարձել է արտահերթի թեմային՝ չբացառելով եկող տարի ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։

Գրել էինք նաեւ, որ Փաշինյանը հասկանում է, որ ժամանակն իշխանության դեմ է աշխատում` մի կողմից ՔՊ-ն ավելի է հեղինակազրկվում, մյուս կողմից ընդդիմադիր նոր ուժ ձեւավորվելու հավանականությունն է մեծանում, ուստի որոշել է անակնկալի բերել ընդդիմադիրներին։

Արեւմուտքն էլ, պարզվում է՝ իր հերթին է Փաշինյանից «հավատարմության երդում» պահանջում, թե Հայաստանը պետք է արագ պոկվի Ռուսաստանից եւ սլանա դեպի Եվրոպա։ Փաշինյանի հավաստիացումների փոխարեն Արեւմուտքն ակնկալում է, որ նոր ընտրությունների միջոցով կձեւավորվի հակառուս խորհրդարան, որտեղ անպայման կլինեն Արամ Զավենի Սարգսյանը եւ մյուս արեւմտամետները, իսկ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը, որն անթաքույց ռուսամետ քաղաքական գծի մեջ է, կգնա տուն»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի պարտականությունները կատարում է դատավոր Մեսրոպ Մակյանը մինչեւ դատարանի նախագահի ընտրությունը։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները Մակյանին թողեցին ձեռնունայն, ու նա չի ընտրվել նույն դատարանի նախագահ:

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահ է ընտրվել Գոռ Հարությունյանը, որին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից էին տեղափոխել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան: Հիշեցնենք, որ դատական համակարգում լուրեր կային, որ Մեսրոպ Մակյանի մասնագիտական առաջխացաղումը դատական համակարգում պատահական չէ: Նախ դատավոր Մակյանը բեկանեց գեներալ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը եւ բավարարելով դատախազության միջնորդությունը՝ որոշեց կալանավորել գեներալ Խաչատուրովին երկու ամիս ժամկետով՝ այդպես իր հավատարմությունը ցույց տալով իշխանություններին:

Արդյունքում Մակյանի հասցեին քննադատություններ հնչեցին, թե պաշտոնի առաջխաղացման հավակնություն ունի, որդուն՝ Էմիլ Մակյանին, ցանկանում է դատավոր դարձնել, կաշկանդված է ՀՀ-ում հարազատ եղբոր վերաբերյալ քննվող մի քրեական գործով, որը ավելի ուշ կարճեցին, եւ, ի վերջո, ցանկանում է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահ դառնալ:

Նրան տվել էին նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հաստիքը, սակայն վերջում թողեցին ձեռնունայն:

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին առաջադրվել է 2 թեկնածու` գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ հայտնի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը: Արազին առաջադրել է Հայաստանի գործող չեմպիոն, գավաթակիր «Ուրարտու» ՖԱ-ն, Մելիքբեկյանին՝ խորհրդային հայտնի մարզիկ Խորեն Հովհաննիսյանի հիմնադրած «Անի» ՖԱ-ն: Այս ակումբն ընդգրկված էր Հայաստանի Առաջին խմբի 2019-2020թթ. առաջնությունում, ինչը ՀՖՖ-ի կողմից դադարեցվեց` «պայմանավորված խաղերի» պատճառով: Նախատեսված 34 տուրերի փոխարեն կայացավ 30-ը, քանի որ, ըստ ՀՖՖ-ի, մասնակից մի շարք ակումբներ ներքաշված էին պայմանավորված խաղերի մեջ: 

2020թ. հուլիսին ՀՖՖ-ն որոշում կայացրեց որակազրկել առաջնության մասնակից մի քանի ակումբների` «Լոկոմոտիվ», «Արագած», «Մասիս» եւ «Տորպեդո»: Այն ժամանակ շատերը զարմացան, որ այս ցանկում չկար «Անին», որը խմբի ետնապահներից էր` անցկացրած 28 խաղերում բաց էր թողել 108 գնդակ, երբեմն մրցակիցներին պարտվելով 0:12 հաշվով, ինչն արդեն կասկածելի էր: Հատկանշական է, որ հետագայում այս թիմը չի մասնակցել պաշտոնական մրցաշարերի, իսկ օրեր առաջ հայտնի դարձավ, որ հենց այս ակումբն է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը, եւ ամեն ինչ պարզ դարձավ: 

Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ պայմանավորված խաղերի մեջ մեղադրված ակումբների իրական տերերն այսօր էլ ֆուտբոլում են` իրավաբանական այլ անձանց անունների ներքո: Ի դեպ, հայկական ակումբներում պայմանավորված խաղերի մասին խոսակցություններ կային նաեւ նախկինում: Հայաստանի առաջնության Առաջին խմբում գրանցված են թիմեր, որտեղ ընդգրկված են մեծ թվով լեգիոներներ, ինչն ավելի է հեշտացնում ստվերային գործարքները: Ոլորտի մասնագետներից մեկն իր զարմանքը հայտնեց` «հասկանալի» չէ, թե ինչու է ՀՖՖ-ն թույլատրում 1-ին լիգայում լեգիոներների ներգրավումը, չէ՞ որ այն պետք է լինի տեղացի ֆուտբոլիստների դարբնոց, այնպես, ինչպես անում են ֆուտբոլային զարգացած ու զարգացող երկրները: Իսկ Բարձրագույն խմբի կասկածելի խաղերի մասին արդեն խոսում են սոցցանցերում, նույնիսկ ոչ հայկական ռեսուրսներում՝ տեղադրելով տեսանյութեր՝ կասկածելի դրվագներից, եւ նշելով, որ այդ խաղերի վրա կատարվել են աննորմալ չափերի խաղադրույքներ: 

Հիշեցնենք, որ 4 տարի է՝ ՀՖՖ-ն ղեկավարում է Արմեն Մելիքբեկյանը, ում օրոք հայկական տարբեր տարիքային տղամարդկանց ու կանանց հավաքականները գրանցում են մեկը մյուսից խայտառակ արդյունքներ, իսկ ազգային գլխավոր թիմը «Եվրո 2024»-ի որակավորման խմբային փուլում զբաղեցրեց նախավերջին հորիզոնականը: Բոլորին պարզ է, որ միլիոնավոր դոլարների շրջանառություն ունեցող այս կառույցի ղեկավար դառնալու միակ գրավականն իշխանության «դաբրոն» է, իսկ ազգային գաղափարները, երազանքները եւ իրական աշխատանքը երկրորդական են նրանց համար»:

«Փաստ» օրաթերթը գրում է. Ալավերդի համայնքում անցած տարի կրած պարտությունից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել ընտրողների քվեի հետ և ամեն ինչ փորձում է անել Ալավերդիում էլ իշխանազավթման հասնելու համար, ինչպես, ի դեպ, մի շարք այլ համայնքներում, որ տեղ ՔՊ - ն պարտվել էր: Այսօր ՔՊ-ն փորձելու է, օրենքի խախտումներով, գործող քաղաքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու պրոցեսն ավարտին հասցնել, ապա քաղաքապետ կարգել Դավիթ Ղումաշյանին, որը պարբերաբար հայտնվում է սկանդալների կիզակետում:

Ինչպես նշել էինք, Ղումաշյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հովանավորյալն է: Եվ ահա, երեկ և կիրակի օրը Ալավերդուց պարբերաբար տեղեկություններ էինք ստանում, որ իշխանությունները մոբիլիզացնում են իրենց ուժերը՝ այսօրվա նիստին ընդառաջ: Մասնավորաբար, ակտիվ է Պապիկյանի «սաստավը » , այդ թվում՝ մայրաքաղաքից ժամանած «միսիոներները», որոնք իրենց թիմի մեջ «աշխատանքներ» են տանում, թե ով ինչ պետք է անի այսօր, այդ թվում՝ քաղաքապետարանը շրջափակելու առումով:

«Բացատրական աշխատանքներ» են տարվում նաև համայնքի բնակչության շրջանում: Ինչ վերաբերում է Թամազյանին պարտված Արեն Մկրտչյանի թիմին, մեր տեղեկություններով, նրանք էլ էին ինտենսիվ «պտտվում» քաղաքում, բայց «երկրորդ պլանում»:

Երեւանի քաղաքապետարանը շարունակում է ամանորյա գնումները, այս անգամ 9.7 մլն դրամ է տրամադրվել «Էմ Էմ գրուպ» ՍՊ ընկերությանը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 3 փողոցների (Սեբաստիայի, Զորավար Անդրանիկի եւ Րաֆֆու) ամանորյա ձեւավորման համար։ Այս գումարով ընկերությունը պետք է ընդամենը նախորդ տարիներին օգտագործված զարդերը նորոգի, պակասները լրացնի ու մոնտաժի, իսկ հունվարի 14-ին էլ ապամոնտաժի։

Հիշեցնենք, որ քաղաքապետարանն արդեն իսկ 202 մլն դրամ էր տրամադրել «Սինեմարտ» ՍՊԸ-ին՝ նախորդ տարվանից մնացած լույսերը լվանալու-չորացնելու ու տեղադրելու համար: Փաստորեն, այս ահռելի գումարի մեջ վարչական շրջանների զարդարումը չի մտնում, եւ յուրաքանչյուր վարչական շրջանի էլ առանձին գումար են տրամադրում։ 202 միլիոն դրամը միայն կենտրոնի գումարն է: