Թուրքիան ԵԱ-ին եկել էր 40 հոգով, իսկ մենք նույնիսկ բժիշկ չունեինք. Գևորգ Ալեքսանյան

Հունահառոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներն ու մարզիկներն այսօր կայացած ասուլիսի ընթացքում ամփոփեցին Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները:
Հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանն խոսեց Ռուսաստանի հավաքականի չմասնակցության մասին, նշելով, որ դրանից առաջնության մակարդակը էապես չի փոխվել.
«Ռուսաստանն ուժեղ թիմ է, բայց որ նայում ենք Ամոյանի գոտեմարտին, ինքը հաղթել է շատ ուժեղ ըմբիշների: Ռուսաստանը եթե լիներ, բնականաբար մրցաշարն ավելի ուժեղ ու գեղեցիկ կլինեի, բայց դրանից մեր մեդալների քանակը չէր նվազի: 2020 թվականի Եվրոպայի առաջնությունում մի շարք քաշային կարգի եզրափակիչներում ռուսներ չեն եղել: Այսինքն այնպես չէ, որ եթե ռուսները չեն մասնակցում, ուրեմն ցածր է առաջնության որակը: Այս անգամ շատ ուժեղ մրցակցություն էր գնում, պայքարը շատ ուժեղ էր: Իհարկե եթե Ռուսաստանը մասնակցեր, կունենար եզրափակիչի մասնակիցներ, բայց առանց իրենց էլ, կային թիմեր, որոնք շատ ուժեղ են: Ինձ համար շատ զարմանալի էր, օրինակ Թուրքիայի հավաքականը մասնակցում էր 10 ըմբիշով, բայց իրենց պատվիրակությունը բաղկացած էր շուրջ 40 հոգուց: Մի քանի բժիշկներ, անձնական մարզիչներ, մերսողներ և այլն: Երբ տեսնեք, թե ինչպես ենք մենք նախապատրատսվում, այդ ժամանակ կտեսնեք նաև մեր դժվարությունները: Ես հույս ունեմ, որ մենք էլ կհասնենք այն վիճակին, որ մեր պատվիրակության կազմում ունենանք օրինակ բժիշկներ»,-նշեց Ալեքսանյանը:
Մարզչի խոսքով ըմբշամարտում խնդիրները բազմաթիվ են: Արդեն տևական ժամանակ է մարզիկներն ու բժշկական անձնակազմը գումար չեն ստանում: Բացի դրանից, առաջնություններում մրցավարական կողմնակալությունն ազդում է հայ ըմբիշների արդյունքների վրա, իսկ Հայաստանում սպորտի պատկան մարմիններն այս ուղղությամբ ոչինչ չեն անում:
«Իհարկե, մենք էլ կցանկանայինք մեծ կազմով մասնակցել Եվրոպայի առաջնությանը, բայց դա առաջին հերթին գալիս է ֆինանսներից, քանի որ այն գումարը, որը մեզ հատկացվում է, չի բավարարում: Այսօր մենք 7 քաշային կարգում ենք մասնակցել, բայց կարող էինք մասնակցել 10 քաշային կարգերում: Եթե մանրամասնեմ՝ մեզ խանգարեցին: Օրինակ Սլավիկ Գալստյանը պետք է դուրս գար եզրափակիչ: Մենք մեզ արդարացնելու համար չենք բողոքում մրցավարությունից: Դա փաստ է: Մեր երկրում պատկան մարմինները ոչ մի քայլ չեն արել այդ հարցը լուծելու: Հավասար գոտեմարտերի դեպքում մրցավարի մի որոշումը կարող փոխել ամբողջ գոտեմարտի ելքը: Արդեն 4-րդ ամիսն է, մենք երկու մրցման ենք մասնակցել, բայց տղաները նույնիսկ վիտամին չեն ստացել: Գնում ենք առաջնության, առանց մարզահագուստի: Բոլորը տարբեր բաներ են հագնում: Մեր տղաները ոչ մեկին չեն զիջում: Օրինակ ամեն գոտեմարտից հետո վերականգնվելու կարիք կա, բայց մեր տղաները նույնիսկ վիտամին չեն ստանում, նույնիսկ ես էլ եմ ամաչում ավելին պահանջել նրանցից: Մեր բժիշկներն ու մերսողները աշխատավարձ չեն ստանում: Դուք պատկերացրեք արդեն իրավիճակը»,-ասաց Գևորգ Ալեքսանյանը:
Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայստանը նվաճել էր 4 մեդալ: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Մալխաս Ամոյանը, բրոնզե մեդալակիրներ էին դարձել Ռուդիկ Մկրտչյանը, Սլավիկ Գալստյանն ու Գևորգ Ղարիբյանը: Վերջինս վնասվածքով է մասնակցել Եվրոպայի առաջնությանը: 2020 թվականի Եվրոպայի չեմպիոնի խոսքով, այս խնդիրները նոր չեն, բայց ամեն անգամ սպասել են, որ ինչ որ բան կփոխվի:
Նյութի աղբյուր՝ armsport.am