Ի՞նչ օրակարգ է բերելու ՀՅԴ-ն

Ի՞նչ օրակարգ է բերելու ՀՅԴ-ն

2022 թ. մարտի 8-ին, Հայաստանում գումարված ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովն ավարտեց իր աշխատանքները։ Այն մեկնարկել էր փետրվարի 28-ին։

ՀՅԴ հավաքների նկատմամբ հանրային հետաքրքրությունը միշտ էլ մեծ է։ Սա, թերևս, բացատրվում է այն հանգամանքով, որ ՀՅԴ-ն իր ժողովները փակ է անցկացնում, իսկ նման դեպքերում հասարակությունը կամ դրա քաղաքականացված հատվածը, որպես կանոն, մտածում են, որ ուրեմն՝ ինչ-որ «շրջադարձային», «ճակատագրական» որոշումներ են կայացվելու։

Իհարկե, այս կանխավարկածն ամենևին էլ օբյեկտիվ չէ։

Կուսակցություններն իրենց ժողովներն անցկացնում են՝ համաձայն սեփական «բնավորության», արժեհամակարգի ու բնավ էլ հավաքի հրապարակային կամ փակ լինելը չի կանխորոշում դրա կարևորությունը։
ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովն ինտրիգային էր նաև ԶԼՄ-ների «ստեղծած» մի վարկածով, թե իբրև Հրանտ Մարգարյանի թևը մտադիր է վերադարձնել կուսակցական իշխանությունը։

Ինչպես տեսնում ենք՝ նման բան տեղի չի ունեցել։ Համենայն դեպս, Բյուրոյի կազմը շատ չի փոխվել, իսկ Բյուրոյի ներկայացուցիչ ընտրվել է դարձյալ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Սակայն հանրային հետաքրքրության դաշտում մի հարց կա, որն, այնուամենայնիվ, պատասխան չստացավ, որովհետև ժողովը փակ էր ու մենք դեռևս պատկերացում չունենք, թե այդ մասով ինչ են որոշել դաշնակցականները։

Հասարակության ընդդիմադիր սեգմենտում սպասումներ կան, թե առաջիկա ամիսներին «Հայաստան» դաշինքը փողոցում պայքար է գեներացնելու՝ իշխանափոխության օրակարգով։ Հանուն արդարության նկատենք, որ նման սպասումը գեներացրել են նաև դաշնակցական գործիչներն ու պատգամավորները։

Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսն այդ հարցի պատասխանը չէր տվել, հիմա բոլորի հայացքներն ուղղված էին ՀՅԴ-ին, որի ժողովում, անտարակույս, քննարկված պետք է լինի «դիմադրության շարժման» օրակարգը։ Այլ խնդիր է, որ որոշման բովանդակության մասին մենք կիմանանք առաջիկայում, երբ ուշադրությամբ հետևենք ՀՅԴ գործիչների հրապարակային խոսքի շեշտադրումներին։

Վահրամ Բագրատյան