Նիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն Աշոտյան

Նիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: Այս մասին հաղորդում է Aravot.am–ը։

Քաղաքացի Նարեկ Ղամբարյանը նրան հարցրել է.

«Պուտինը և Ալիևը շատ ջերմ հանդիպում են ունեցել։ Պեսկովն ասում է, որ Ադրբեջանն իրենց դաշնակիցն ու բարեկամն է։ Մենք միայնա՞կ  ենք մնացել»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

«Ակնհայտ է, որ ռուս-ադրբեջանական ջերմացած հարաբերությունները Փաշինյանի գեոպոլիտիկ ավանտյուրայի համար ոչ թե պատճառ են, այլ առիթ, պատրվակ։ Ավելին, Նիկոլի նման  քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ, իսկ Մոսկվայի որոշ շրջանակների համար «արդարացումներ» է ստեղծում։

Հիշեք նաև, որ Մոսկվայում կտրուկ ակտիվացել են  ադրբեջանական լոբբիստները, իսկ հայկական ներուժը թուլացած է և ջլատված։ Ավելին, Նիկոլը Հայաստանի դեմ է տրամադրում նաև հայ ժողովրդի երբեմնի բարեկամներին քաղաքական և հասարակական շրջանակներից (նույն Վլադիմիր Սոլովյովի դեպքը.- Ա.Վ.)։

Մի ակնկալեք Ռուսաստանից նուրբ խաղ այս ուղղությամբ։ Ռուսական դիվանագիտությունը հմտացել է «լավ է լինել հմուտ դարբին, քան ոսկերիչ» գործելաոճում։ Նույն խորհրդարանական մակարդակում Ռուսաստանի երկու պալատների ղեկավարությունը մեկ լկստվացնում էր Ալեն Սիմոնյանին, մեկ էլ հիմա վրդովվում է նրա խոսույթից։

Պաշտոնական Մոսկվան նաև սիմվոլիզմ է սիրում և մայիսյան միջոցառումները Մոսկվայում դիտելու է՝ որպես վերջնական դիագնոստիկ թեստ Նիկոլի համար։ Արդյո՞ք նա կմասնակցի մայիսի 7-ին  Վ. Պուտինի երդմնակալությանը և մայիսի 9-ին Հաղթանակի զորահանդեսին. այս հարցերն իրենց համար շատ ավելի սկզբունքային են և կարևոր, քան ԵԱՏՄ գագաթնաժողովը Մոսկվայում։

Ելնելով հենց Հայաստանի շահերից` պետք է կասեցնել հայ-ռուսական հարաբերությունների քայքայումը և վերանորոգել դրանք։ Ինձ համար ակնհայտ է, որ Նիկոլը դա անել չի ուզում և չի կարող, և ռուսական «Вернись, я всё прощу» ոճի առաջարկը չի աշխատելու»: