Տպավորություն է, թե դատավորն ինչ-որ բանի է սպասում․ Չալաբյանի պաշտպան

Տպավորություն է, թե դատավորն ինչ-որ բանի է սպասում․ Չալաբյանի պաշտպան

Տպավորություն է, թե դատավորն ինչ-որ բանի է սպասում. ենթադրություններ ունենք, բայց այս պահին ձեռնպահ կմնամ դրանք բարձրաձայնելուց, մեր ձեռքի տակ փաստեր չկան։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպան Արթուր Հարությունյանը՝ խոսելով վերջինիս խափանման միջոցի հարցով որոշման հրապարակումը հետաձգելու մասին։ 

«Անհասկանալի վիճակ է, ուրբաթ օրը նիստը հետաձգվեց, երեկ ավարտվեց, օր, ժամ հայտարարվեց, որ որոշումը հրապարակեն, սակայն առանց այդ նիստը բացելու դատավորը մեզ աշխատակազմի միջոցով տեղակացրեց, որ որոշման հրապարակումն անորոշ ժամկետով հետաձգվում է։ Իրավական լուծում չենք տեսնում, սա իրավական խնդիր չէ, սա ավելի շատ ոչ իրավաչափ խնդիր է, որովհետև, եթե դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, հետևաբար այն պետք է հրապարակվեր: Թե ինչ է կատարվում, միայն կարող ենք ենթադրել»,-ընդգծեց նա։ 

Պաշտպանի խոսքով՝ առնվազն տարօրինակ է, որ հրապարակման հետաձգման պատճառը, հիմքերը ներկայացված չեն։ 

«Օգնականն ասում է՝ տեղեկություն չունեմ, բայց որոշումն անպայման այսօր է հրապարակվելու, թե դա ինչքանով է համապատասխանում իրականությանը, չեմ կարող ասել։ Ամեն դեպքում, մեզ մոտ 40 րոպե առաջ կիրազեկեն, որպեսզի հասցնենք ներկայանալ։ Մենք արդարադատություն ենք ակնկալում»,-ամփոփեց նա։ 

Հիշեցնենք, Ավետիք Չալաբյանը մեղադրվում է Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի հետ միասին համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին շահագրգռելու և ուսանողներին «Դիմադրություն» շարժմանը ներգրավելու մեջ։ Ըստ Թոռնիկ Ալիյանի ցուցմունքի, Չալաբյանն ուսանողներին նյութապես շահագրգռել է մասնակցել հավաքներին` առաջարկելով 2 միլիոն ՀՀ դրամ։ 

Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունայանը նախօրեին MediaHub.am-ի հետ զրույցում պնդեց, որ Չալաբյանին անազատության մեջ պահելու իրավական հիմքեր չկան։ «Դատարանի վաղվա որոշումից, բնականաբար, դրական ակնկալիքներ ունենք, ուզում ենք դրական որոշում տեսնել, սակայն իրականությունը, որի մեջ ապրում ենք, թույլ չի տալիս բացառապես մեր իրավական դատողությունների ու զգացողությունների հիման վրա որևէ կանխատեսում անել»,-ասել էր նա։ 

Լիաննա Թորոսյան