Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․ ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն բացել Արցախի ճանապարհը՝ ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական եղանակով։ Զենք գնել ու ներկրել չեն կարողանում, ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հրաժարվում են՝ Բրյուսելում եւ Մոսկվայում հանդիպումները չեղարկվեցին։ 

«Հրապարակ» թերթը գրում է․ Մի խումբ արցախցիներ այսօր պատրաստվում են գնալ Իվանյան բնակավայր, որտեղ տեղակայված է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը, եւ հանդիպում խնդրել հրամանատարական կազմի հետ։ 

«Հրապարակ» թերթը գրում է․ Կիրակի օրն Արցախում կայացած հանրահավաքը հերքեց ադրբեջանական քարոզչության կեղծ պնդումը, թե Արցախում մի քանի հազար մարդ է մնացել։ Նախորդ հանրահավաքներին ադրբեջանցիներն ասում էին, թե մարդկանց ավտոբուսներով Հայաստանից են բերում, հիմա միջանցքը փակ է, մարդ բերել հնարավոր չէ, սրան գումարած՝ վառելիքի ճգնաժամը, որի պայմաններում, սակայն, Արցախի Վերածննդի հրապարակում եւ հարակից տարածքում, ըստ պաշտոնական տվյալների, մոտ 70 հազար մարդ էր հավաքվել։ 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ազգային հավաքականի խայտառակ ելույթներից հետո թվում էր, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ի դեմս կուլիսային ու իրական ղեկավարների, մի կողմ կդնեն նեղ անձնական ու այսրոպեական շահերը, կգնան ֆուտբոլը զարգացնելու ճանապարհով: Սակայն իրականում տեղի է ունենում լրիվ հակառակ գործընթացը:

Վաղը՝ չորեքշաբթի օրը, կայանալու են այդ կառույցի գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները, իսկ թեկնածուներին ձայն են տալու անձինք, ովքեր ներկայացնում են տարբեր ՀԿ֊ներ, սակայն իրականում մեծամասնությամբ ՀՖՖ գործող ղեկավարության կամակատարներն են և մեծ հաշվով ընտրելու են նրանց, ում կհրահանգեն:

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում տեղի ունեցող մի շարք ակցիաների, պահանջների ժամանակ հաճախ դրանց մասնակիցները շտապում են հայտարարել, թե իրենց գործողություններն ապաքաղաքական են: Իրականում սա բավական տարօրինակ հայտարարություն է, քանի որ նշյալ ակցիաների գերակշիռ մեծամասնությունը, եթե չասենք՝ բոլորը, քաղաքական բովանդակություն ունի, ներկայացված պահանջները՝ ևս: Հնարավոր է՝ այս պարագայում գործ ունենք «ապակուսակցական», իսկ ավելի ճշգրիտ՝ «վերկուսակցական» տերմինի հետ՝ նկատի ունենալով, որ այս կամ այն ակցիան դուրս է մեկ կուսակցության շրջանակներից, սակայն ոչ երբեք «ապաքաղաքական»: Կրկնենք՝ քաղաքական գործընթացները չեն կարող ապաքաղաքական լինել, եթե նույնիսկ դրանց մասնակիցները իրենց քաղաքականության մաս չեն համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի ու Արցախի առաջ ծառացած են անվտանգային, սոցիալական, տնտեսական ահռելի մարտահրավերներ ու վտանգներ, ՀՀ գործող իշխանությունները ամենևին չեն պատրաստվում որևէ կերպ փոխել իրենց առօրյան։ Այսինքն, առօրյայի գոնե այն մասը, որ վերաբերում է վայելքներին: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, բացի տարեվերջյան պարգևավճարներից, իշխող քաղաքական ուժը այլ «ուղղություններով» ևս, մեղմ ասած, աչքի չի ընկնի «ասկետությամբ»:

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացավ զանգվածային հանրահավաք, որը միասնության, վճռականության, անսասանության յուրատեսակ խորհրդանիշ էր: Սա հիստերիայի հերթական ալիքն է բարձրացրել Ադրբեջանում, որտեղ տարբեր տեղեկատվական հարթակներում փորձում են տարաբնույթ հիմարություններ շաղ տալ: Մինչ այս էլ թշնամական երկիրը ցավագին էր ընդունում Արցախի պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումը: Սա, ի դեպ, նաև ռուսաստանյան լրատվամիջոցների ուշադրությունն է գրավել, ի մասնավորի, շեշտվում է, որ «նախկին ռուսաստանցի միլիարդատերը» ստիպել է Բաքվին նյարդայնանալ: Իսկ ինչո՞ւ է Բաքուն այսքան հիվանդագին ընդունում Վարդանյանի գործոնը: