Վլադիմիր Պուտինը հրաժարվել է քննարկել Թրամփի հատուկ բանագնացի՝ խաղաղության ծրագիրը

Պուտինը մերժել է Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆֆի կողմից իրեն ներկայացված մանրամասն ծրագիրը, գրել է «Financial Times» թերթը՝ վկայակոչելով 3 աղբյուրներ։
ՌԴ նախագահը դա նույնիսկ չի քննարկել։
Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից Վիտկոֆֆին տեղեկացրել են, որ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում քննարկել խաղաղության ծրագիրը։ Խոսքը 22 կետերից բաղկացած ցանկի մասին է, որը մշակվել է Ուկրաինայի և Եվրոպայի մասնակցությամբ։ Խաղաղության ծրագիրը նախատեսվել է Պուտինի հետ քննարկել ապրիլի 25-ին Վիտկոֆֆի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ։
22 կետից բաղկացած ծրագիրը մանրամասն քննարկվել է հաջորդ օրը ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաների հեռախոսազրույցում, հայտնել են FT-ի աղբյուրները։ Ուկրաինան ներկայացրել է Զելենսկու վարչակազմի ղեկավար Անդրեյ Երմակը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, Միացյալ Նահանգները՝ Վիտկոֆֆը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։
Այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է քննարկել ներկայացված խաղաղության ծրագիրը, Վիտկոֆֆը չեղյալ է հայտարարել Ռուսաստանի նախագահի հետ անցած աշխատանքային շաբաթվա (մայիսի 12-16-ը) հանդիպման պլանները: Նա Պուտինի հետ փետրվարից 4 անգամ հանդիպել է։ Նոր հանդիպում դեռ նախատեսված չէ։