Բարձրագույն կրթություն չստացած ՔՊ-ական բուժքույրն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը։
Նա փոխարինեց ՔՊ-ական մեկ այլ պատգամավորի՝ Լուսինե Բադալյանին, որը հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանի՝ մանդատը դնելուց հետո հրաժարվել էր հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, քանզի չէր ցանկացել աշխատել հանձնաժողովի նոր նախագահ Արսեն Թորոսյանի հետ (իր սրտի նախագահը Զեյնալյանն էր)։
Այսօր Արսեն Թորոսյանը քվեարկության դրեց Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը, և վերջինս ընտրվեց նախագահի տեղակալ։ Հռիփսիմեն, հիշեցնենք, ՔՊ-ի բուժքույրն է՝ նախկինում «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում բուժքույր է աշխատել, հետո մտել է ՔՊ-ի ցուցակ և կարիերայի կտրուկ աճ է գրանցել՝ դառնալով պատգամավոր։ Այսօր էլ ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Բայց միայն բուժքույր լինելը չէ այս տիկնոջ «հմայքը»։ Նա նաև բարձրագույն կրթություն չունի, և նոր-նոր է պատրաստվում բարձրագույնի դիպլոմ ստանալ. 2022 թվականին այդ մասին ասել էր parliamentmonitoring.am-ին տված հարցազրույցում։
«Այո, ճիշտ եք, չունեմ բարձրագույն կրթություն, բայց պատրաստվում եմ բարձրագույն կրթություն ստանալ: Փորձում եմ Ամերիկյան համալսարանում շարունակել իմ մասնագիտությամբ կրթությունը, բակալավրիատում: Դա մի քիչ ավելի ուշ, բայց հուսով եմ՝ ամեն բան լավ կլինի»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ հայտարարել էր ՔՊ-ական բուժքույր-պատգամավորը։
Դրանից անցել է երեք տարի, ու հազիվ թե մինչ այս նա հասցրած լինի բարձրագույն ընդունված ու ավարտած լինել, հատկապես, որ ինքը նշել էր՝ փորձում է Ամերիկյանում շարունակել իր կրթությունը, այլ ոչ թե սկսել է շարունակել։
Վահե Մակարյան