Որ հանձնաժողովի կազմում կընդգրկվի Լեւոն Քոչարյանը, Երևանում ու մարզերում տեղ ու դադար չկա. Մամուլը՝ սուրճով

Որ հանձնաժողովի կազմում կընդգրկվի Լեւոն Քոչարյանը, Երևանում ու մարզերում տեղ ու դադար չկա. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած երեք շաբաթ է՝ Լեւոն Քոչարյանն ԱԺ պատգամավոր է, սակայն նա ընդգրկված չէ որեւէ մշտական հանձնաժողովում, ինչն օրենքի պահանջ է, եւ բոլոր պատգամավորներն ԱԺ որեւէ մշտական հանձնաժողովի անդամ են։ Բանն այն է, որ Լ․ Քոչարյանը փոխարինում է Արմեն Չարչյանին, ով առողջապահության հանձնաժողովի անդամ էր, սակայն առնվազն տարօրինակ կլինի, եթե Լեւոն Քոչարյանն անդամակցի այդ հանձնաժողովին, որը, ի դեպ, արհեստածին մի բան է՝ ժամանակին սոցիալական հարցերը եւ առողջապահությունը միասին էին, հետագայում դրանք կիսեցին, եւ այժմ կա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով եւ Առողջապահության մշտական հանձնաժողով, որը ղեկավարում է մասնագիտությամբ բժիշկ Նարեկ Զեյնալյանը։

Ինքը՝ Լեւոն Քոչարյանը, որոշ տեղեկություններով, ցանկություն ունի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում աշխատել, որտեղ, սակայն, ընդդիմության քվոտան արդեն սպառված է՝ «Հայաստան» դաշինքից 3 պատգամավոր է ընդգրկված՝ Արմեն Ռուստամյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Ասպրամ Կրպեյանը։

Որպեսզի տպավորություն չլինի, թե հիմա էլ Լեւոն Քոչարյանի համար հատուկ մարդ են տեղաշարժում մի հանձնաժողովից մյուսը, եւ ստիպված չլինեն ռոտացիա իրականացնել՝ մեկին տեղափոխելով առողջապահության հանձնաժողով, որ տեղ բացվի Քոչարյանի համար, դաշինքում որոշել են ընդհանուր ռոտացիա իրականացնել՝ տեղափոխություններ անելով բոլոր մշտական հանձնաժողովներում, բայց արդեն՝ հաջորդ նստաշրջանում»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականին Հայաստանում շինարարության ծավալները, 2021 թվականի համեմատ, ավելացել են գրեթե 7 մլրդ դրամով։

Վերջին տարիներին թե՛ Երեւանում, թե՛ մարզերում տեղ ու դադար չկա, ամենուր շինարարական հրապարակներ են եւ վեր խոյացած կռունկներ։ Վերջին տարիներին Հայաստանում կա նաեւ կենտրոնացվածության խնդիր, այսինքն՝ ըստ 2022 թվականի տվյալների՝ Երեւան քաղաքում կենտրոնացված է ՀՀ 2 մլն 961 հազար բնակչության 1 մլն 92 հազարը։ Վերջին անգամ ՀՀ բնակչության թիվը 3 միլիոն է հասել 2015 թվականին, բայց նույնիսկ այդ ժամանակ չկար բնակարանային ֆոնդի նման քանակի կառուցում։ Այսօր Հայաստանը հենց այդ պատճառով կանգնած է փոշուց օդի աղտոտման լուրջ խնդրի առաջ. այս մասին փաստում են մասնագետները։

Հաջորդ խնդիրը, որը, ըստ անշարժ գույքի ոլորտի մասնագետների, կանխատեսվում է հաջորդ տարի, այն է, որ 2024 թվականից անշարժ գույքի ոլորտում կոլապս է սկսվելու, քանի որ բնակարանաշինության պահանջարկը եւ սպառումը քչանալու է։ Հայաստան վերջին շրջանում եկած ռուսների մեծ մասը, որոնց աշխատանքով էլ պայմանավորված է ՀՀ տնտեսական աճի մի մասը, արդեն լքել է Հայաստանը։

Ըստ մեր աղբյուրների՝ կառուցապատողները հենց նրանց եւ Հայաստան եկած մշտական բնակություն հաստատած քաղաքացիների վրա հույս դնելով են կառուցել բարձրահարկ շենքեր, «դաունթաուններ» եւ նոր թաղամասեր՝ ամեն ինչ հողին հավասարեցնելով, սակայն սպառումը քիչ-քիչ կրճատվում է։ Այս խնդիրը փորձեցինք հասկանալ տնտեսագետ եւ փոքր ու միջին բիզնեսի իրավապաշտպան Սամսոն Գրիգորյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ նման բան կանխատեսելի է, բայց բացարձակ այդպես չի կարող լինել. «Նման պահանջարկի դեպքում ոչ թե վաճառքի կանգ է սպասվում, այլ գների անկում։

Առաջարկ կա, գինը ցածր է, պահանջարկ կա, բարձրանում է։ Ասեմ ավելին՝ եկամտահարկի վերադարձի օրենքի չեղարկումից հետո, հնարավոր է, վաճառքը քչանա»:

Դեկտեմբերի 7-ին կլրանա Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը. Երեւանում կառուցապատման բում է, իսկ երկրաշարժից տուժած ընտանիքներից դեռ ոչ բոլորն են բնակարանով ապահովված։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում ՔՊ-ական իշխանությունը երեկ հերթական համայնքում իշխանություն զավթեց՝ Ալավերդիում ընտրված իշխանությանը զոռբայությամբ հեռացնելու ճանապարհով։ Չնայած այդ խայտառակ գործընթացին երեկ հետեւում էր ողջ հանրապետությունը, սակայն իշխող մեծամասնության ներկայացուցիչ պատգամավորները երեկ մեզ ասում էին, որ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում Ալավերդիում՝ չեն կարող տեսակետ հայտնել։ Իրականում, սակայն, անգամ «կրուտիտների դարբնոց» ՔՊ-ում են ապշած այս «բեսպրեդելից» եւ չեն ուզում իրավիճակը մեկնաբանել՝ ամեն մեկն էլ չի կարող Վահագն Ալեքսանյանի չափ «նիկոլ» լինել եւ ասել, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է կատարվում։ Անգամ Նիկոլից հետ երկրորդ «նիկոլ» աշխատող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ձեւացրեց, թե անտեղյակ է, երբ խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորները հետաքրքրվեցին Ալավերդին զավթելու մասին։ ԱԺ խոսնակը խոստացավ պատասխանել՝ ծանոթանալուն պես, սակայն մինչեւ օրվա վերջ նրա արձագանքը չլսեցինք։

Անգամ ՔՊ-ի «ամենաշատախոս» պատգամավոր Հակոբ Ասլանյանն էր պապանձվել կատարվածի անամոթությունից։ «Տեղյակ չեմ, որ մեկնաբանեմ»,- ասաց Ասլանյանը։ Երբ փորձեցինք տեղեկացնել, ասաց, որ ցանկություն էլ չունի տեղեկանալու․ «Ես չգիտեմ՝ ինչ է կատարվել, մնացածն ավելորդ է»։ Բայց ասում էիք՝ ժողովրդի քվեն չեք կեղծելու, հիմա զավթում եք։ «Եթե ես ամբողջ իրավիճակին չեմ տիրապետում, ինչո՞ւ եք անընդհատ կրկնում նույնը»։ Երեւի վատ եք զգում, որ ստում էիք, էլ բաստիոն չկա։ «Հա, վատ եմ զգում, որ շարունակ նույն բանն ես պնդում»։ Կրկնում եմ, որովհետեւ դուք էլ ամեն օր խոսում էիք ժողովրդավարության բաստիոնի մասին, ժողովրդավարության փուչիկը տրաքե՞ց։ «Ոչ մի բան էլ չի տրաքում»։ 

ՔՊ-ականներից մի քանիսն ընդհանրապես չէին ցանկանում լսել այս թեմայի մասին։ Ի վերջո, լրագրողներին պարզաբանումներ տալու գործուղեցին ՔՊ-ի հարձակվող Վահագն Ալեքսանյանին, բայց, ինչպես ասում են, լեռը երկնեց, մուկ ծնեց․ Ալեքսանյանն իրենից գոհ հայտարարեց ՝ անվստահություն հայտնելու գործընթացը մտնում է ժողովրդավարության տրամաբանության մեջ։

«Նա 50 պլյուս ձայն չի հավաքել, 13 մանդատ ստացել ենք մենք, 13՝ իրենց խմբակցությունը, մեկ մանդատ էլ ունեցել է ՀԱԿ-ը, հետո ինչ-ինչ հանգամանքներով ՀԱԿ-ի մեկ անդամը մանդատը տվեց իրենց, ու ավագանու 14 անդամ քվեարկեցին եւ ընտրեցին «Ապրելու երկիր» խմբակցության թեկնածուին»,- ասաց նա՝ մոռանալով, որ շատ համայնքներում ՔՊ-ն չի ունեցել մեծամասնություն, բայց նմանատիպ կոալիցիաներ կազմելով՝ իշխանություն է ձեւավորել։ Ամենացցուն օրինակը Հայաստանի երկու խոշոր քաղաքներն են՝ Գյումրիում «Բալասանյան դաշինքն» իր հաղթանակը «վաճառեց» ՔՊ-ին՝ Բալասանյանի որդու դեսպանական պաշտոնի հետ փոխելով, Գյումրիում իրենք պարտվել էին «Մամիկոն Ասլանյան դաշինքին»՝ Ասլանյանին կալանավորեցին եւ 2 տարի անօրինական պահում են բանտում, իսկ իշխանությունը խլեցին երրորդ տեղը գրաված կրիմինալ Ակայի միջոցով։ Անգամ Երեւանում միայնակ չէին կարող իշխանություն ձեւավորել՝ կոալիցիա կազմեցին «Հանրապետություն» կուսակցության հետ եւ «Հանրային ձայնի» ապահոված քվորումի շնորհիվ մեծ դժվարությամբ Ավինյանին ընտրեցին քաղաքապետ։

Անդրադառնալով Ալավերդու երեկվա նիստի ժամանակ ոստիկանության մեծաքանակ ներկայությանը՝ Վահագն Ալեքսանյանը նկատեց. ««Ապրելու երկրից» հնչում էին սպառնալիքներ, ոստիկանությունը պաշտպանում էր կարգուկանոնը»:

Գյումրեցի պատգամավոր Էմմա Պալյանը վիրավորվում է «զավթել» բառից։ «Դա զավթում չէր, Ալավերդիում 14 ավագանի խնդիր է տեսել եւ ըստ այդմ՝ անվստահություն ներկայացրել, այնպես որ, դա զավթում չէր»,- ասաց Պալյանը՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ինչ խնդիր են տեսել ավագանու իրենց անդամները։ Գուցե խնդիրը միայն այն է, որ ՔՊ-ն չէր իշխանություն, այլ ընդդիմադիր «Ապրելու երկի՞րը»,- հարցրինք մենք՝ բերելով Գյումրու եւ Վանաձորի օրինակները։ «Խնդրի մասին ճիշտ կլինի խոսեք Ալավերդու ավագանիների հետ, բայց ես ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ մեր այսօրվա իշխանությունը ժողովրդավար է, երբեք չի ուզեցել զավթել ոչ մի համայնքի իշխանություն... Գյումրիում իշխանությո՞ւն է զավթված, մենք հուշագիր ունենք եւ դրա շրջանակներում ենք ստացել, պաշտոնների խոստում չի եղել, դա եղել է երկկողմանի համաձայնության արդյունքում, հուշագիր է կնքվել, եւ ըստ այդմ տեղի է ունենում քաղաքային կառավարումը։ Իսկ Մամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետեւ ես կարծում եմ, որ, ուրեմն, հիմքեր կան դրա համար, ավելին չեմ կարող ասել»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանվածներին ամիսներ շարունակ օգնություն տրամադրող դերասանուհի Անաիս Սարդարյանը օրերս դիմել էր Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների համար միջոցառում կազմակերպելու համար տարածք տրամադրելու պահանջով։

ԿԳՄՍ փոխնախարարը իր պատասխանում նշել էր, որ արժեւորում եւ կարեւորում է նման միջոցառումները, նաեւ նրանց մասնակցությունը նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային ներկայացումներին։ Նամակում առկա են բազմաթիվ ուղղագրական սխալներ, եւ այն ուղարկել է ԿԳՄՍ նախարարությունը։

Instagram-ում «սթորիներ» անելուց հետո Անաիսին չեն համաձայնել նույնիսկ վարձով տարածք տալ։

Անաիս Սարդարյանի ինստագրամյան «սթորիներից» հետո Դանիել Դանիելյանը ընդունել եւ ամբողջ սխալը իր վրա է վերցրել։

Անաիս Սարդարյանի ինստագրամյան սթորիներից հետո, երբ բողոքի ալիք բարձրացավ, նրան ոչ թե անվճար, այլ վարձակալության սկզբունքով տրամադրել են «Արամ Խաչատրյան» համերգասրահը։ Սրահի վարձակալության համար պահանջել են 1 մլն 300 հազարից մինչեւ 1 մլն 500 հազար դրամ. թե, ըստ պայմանագրի, որքան գումար էր, Անաիսը դժվարացավ ասել։

«Կարող էին էդ գումարը չվերցնել, եւ մենք 1 միլիոն դրամի ավել բոթաս կունենայինք»,- ասաց Անաիս Սարդարյանը: Կարճ ասած, հանրային ճնշումներից հետո ԿԳՄՍ նախարարությունը բավարարել է դերասանուհու պահանջը, եւ համերգը կկայանա։