Փաշինյանին հեռացնելը մի ճտտոցով չի լինի․ Արծվիկ Մինասյան

Մենք Կառավարության զեկույցի ժամանակ էլ ակտիվ մասնակցություն ունեցանք, դա շարունակելու ենք նաև այսօր։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են իրենք որոշել մասնակցել Կառավարության հետ հարցուպատասխանին։

Ըստ Մինասյանի՝ սա արվում է, որ հնչեն այն հարցերը, որոնց պատասխանները կարևոր են։

«Մտնում ենք բովանդակային քննարկումների դաշտ, ի՞նչն է զարմացնում»,- նշեց նա։

Նա նկատեց՝ իրենք մարզային այցեր են իրականացնում, լսում մարդկանց մտահոգող հարցերը, ապա փորձում են դա հարցուպատասխանի ընթացքում հնչեցնել։

Դիտարկմանը, որ ընդդիմությունը հայտարարում էր, թե ԱԺ է վերադառնում իր օրակարգով, Արծվիկ Մինասյանն արձագանքեց՝ իրենք հավատարիմ են իրենց օրակարգին։

«Մեր օրակարգը չի փոխվել։ Նիկոլ Փաշինյանի հեռացումը գործընթաց չէ, որ ճտտացնես ու հեռանա։ Օրինակ, խոստացել է այս իշխանությունը մի բան, մենք պետք է գանք ու հիշեցնենք, թե ինչ է խոստացել։ Այդպես հասարակությանն էլ ցույց տանք, որ իրեն հրապարակայնորեն խաբում է իշխանությունը»,- նկատեց Արծվիկ Մինասյանը։

Ըստ նրա՝ իշխանությունն  այսօր մարդկանց ցույց է տալիս, թե կատարում է իր խոստումները, հիմա իրենք պետք է իրականությունը ցույց տան։

«Մեր օրակարգային հարցերը չփոխելով՝ կարևորում ենք, որ հանրությունը սկսի պաշտպանել ընդդիմության տեսակետը, որ այս իշխանությանը պետք է հեռացնել։ Ու դա պետք է արվի ոչ թե էմոցիայի հիման վրա, այլ՝ գիտակցման։ Այսօր հայրենիքն իրապես ծանրագույն վիճակում է, և փրկության բանալին ժողովրդի ձեռքում է։ Եթե ժողովուրդը չկանգնի մեկ միասնական դիրքի վրա, ոչինչ չի լինի»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։