Փաշինյանն ու Siemens EDA ընկերության գլխավոր տնօրենը քննարկել են Հայաստանում նոր ծրագրերի ընդլայնման հետ կապված հարցեր

Փաշինյանն ու Siemens EDA ընկերության գլխավոր տնօրենը քննարկել են Հայաստանում նոր ծրագրերի ընդլայնման հետ կապված հարցեր

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Siemens EDA ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մայք Էլլոուի գլխավորած պատվիրակությանը:

Փաշինյանը կարևորել է Siemens EDA-ի գործունեությունը մեր երկրում և նշել, որ Կառավարությունը խրախուսում է նման խոշոր ընկերությունների ներգրավումը հայկական շուկա: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված Կառավարության քայլերին և ծրագրերին, ընդգծելով, որ իրականացվող կարգավորումները միտված են բարենպաստ պայմանների ապահովմանը:

Մայք Էլլոուն գոհունակություն է հայտնել Հայաստանում գործունեության կապակցությամբ և նշել, որ ընկերությունը նախատեսում է ընդլայնել ծրագրերը մեր երկրում՝ առանցքային կարևորություն տալով ինժեներական ոլորտի կադրերի պատրաստմանը: Ընկերության գլխավոր գործադիր տնօրենը կարևորել է այդ ուղղությամբ Կառավարության հետ սերտ համագործակցությունը՝ համալսարաններում համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:

 Փաշինյանը ողջունել է Siemens EDA-ի՝ ՀՀ-ում գործունեությունն ընդլայնելու ծրագրերը և նշել, որ Կառավարությունն առանձնակի կերպով կարևորում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրերի իրականացմանը: Այս առումով, վարչապետն անդրադարձել է դպրոցներում տարբեր ուղղվածությամբ լաբորատորիաների ներդրման աշխատանքներին և ընդհանրապես կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Մտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացման, իրականացվող կարգավորումերի և բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ: