Տիգրանը պաշտպանում է իր ոտնահարված արժանապատվությունը, մի բան, որ այս երկրի գործող իշխանությունները չունեն

Ինչո՞ւ է ոստիկանությունը բացարձակ և բացահայտ սանձարձակ պահվածք դրսևորել արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ, և ինչո՞ւ մինչ օրս որևէ ոստիկան դեռ պատասխանատվության չի ենթարկվել։ Այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով երեկ մի խումբ հայրենակիցներ, ԱԺ ընդդիմադիր թևի պատգամավորներ, իրավապաշտպաններ ու հասարակական գործիչներ միացել են ՀՀ Քննչական կոմիտեի վարչական շենքի մոտ տեղի ունեցած խաղաղ ակցիային։
Ակցիայի մասնակիցներից Նաիրա Ստեփանյանը MediaHub-ին ասաց, որ հունիսի 12-ին Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացրեց բռնությունը՝ ԱԺ ամբիոնից ոստիկանների գործողությունները գնահատելով իրավաչափ, նպաստելով անպատժելիությանը։
«Ես գրկել եմ Տիգրանին, ասել՝ «ես քո մաման եմ, դու մենակ չես», բոլորը ծափահարել են։ Ուրախ եմ, որ մեր հասարակությունը դրական է արձագանքել ու կանգնել Տիգրանի կողքին։ Եթե անհրաժեշտ լիներ՝ ամբողջ գիշեր կկանգնեի այդ անձրևի տակ, միայն թե արդարությունը հաղթեր»,-նշեց Նաիրան։
Անպատժելիությունն ու ամենաթողությունը հետևանք են շարունակվող խոշտանգումների, հատկապես, որ ոստիկանների թիրախում հիմնականում անպաշտպան մարդիկ են, որոնց խոշտանգում ու նվաստացնում են, որ իրենց վրա վերցնեն մեղքը, որն իրենք չեն գործել։ Այդպես եղավ նաև արցախցի Տիգրանի հետ, որին ոստիկանության Վանաձորի բաժանմունքում խոշտանգելուց հետո՝ նրա պաշտպանությունը տեղափոխվեց հանրային տիրույթ։
«Պետությունը հրաժարվում է պաշտպանել քաղաքացուն, և հանրային պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել ոչ թե խոշտանգումների բացահայտման, այլ անմեղ, անպաշտպան մարդու կողքին կանգնելու առումով»,- նշեց մեր զրուցակիցը։
Տիգրան Ուլուբաբյանը MediaHub-ին ասել է՝ «ծեծելը մի կողմ, բայց հայհոյել են, ինչ ասես արել են, թող պատասխան տան». սա է արցախցի երիտասարդին հուզող հարցը, որին պատասխան տվող չկա։
«Երիտասարդը, որ մասնակցել է հայրենիքի պաշտպանության մարտերին, այժմ Հայաստանում պաշտպանում է իր ոտնահարված արժանապատվությունը, մի բան, որ այս երկրում գործող իշխանությունները չունեն։ Շնորհակալություն մեր հասարակությանը՝ Տիգրանին մենակ չթողնելու համար»,- եզրափակեց Նաիրա Ստեփանյանը։
Տիգրան Ուլուբաբյանի պաշտպանությանը նվիրված ակցիան կշարունակվի նաև այսօր՝ ժամը 17:30-ին։ Միայն հանրային պահանջից հետո Քննչական կոմիտեն այսօր հարցաքննելու է նրան։ Մինչ օրս դեռ հայտնի չէ կարգազանցություն կատարած ոստիկանների ինքնությունը։ Տիգրանի փաստաբան Ռոման Երիցյանը երեկ հրապարակեց նրանցից 2-ի լուսանկարները։
Հունան Թադևոսյան