ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվում․ քաղաքապետի թեկնածու չունի 

ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվում․ քաղաքապետի թեկնածու չունի 

Սեպտեմբերի 17-ին սպասվելիք Երևանի ավագանու ընտրություններին, երբ իրար հաջորդող նոր անուններ են հայտնվում ու խոսում պայքարի մեջ, երբեմնի ընդդիմադիր ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվում՝ մասնակցել, թե ոչ։

MediaHub-ի հետ զրույցում ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնեց, որ դեռ որոշում չունեն։

«Քննարկումներն ընթացքի մեջ են, երբ քաղաքական որոշում կլինի, մենք կտեղեկացնենք այդ մասին»,-ասաց նա։ 

ԲՀԿ-ի ոչ շտապողականությունը ոչ ոք չի հասկանում, քանի որ նախկինում բոլոր ընտրություններին ակտիվություն ցուցաբերելուց հետո, այս լռությունը հանրության համար ընկալելի չէ։ 

Հիշեցնենք, որ այս պահին մի քանի ուժ արդեն հայտարարել է ընտրություններին մասնակցության մասին։ Թեկնածուների անուններն ակտիվ շրջանառվում են․ ՔՊ-ն գնում է ընտրությունների Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը հաստատել է, որ իր թեկնածուն Մանե Թանդիլյանն է, «Ուժը հայրենյաց» կուսակցության թեկնածուն կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինն է՝ Նատալյա Ռոտենբերգը, ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն է։

Հիշեցնենք նաև, որ այս պահին հստակ չէ նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումը։ 

Ավելի վաղ MediaHub-ը հայտնել էր, որ ԲՀԿ-ն որոշ անուններ է քննարկում, սակայն կարծես թե, որոշում կայացնելը հեշտ չէ։

MediaHub-ին, սակայն, հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն քննարկումների մեջ է, քաղաքապետի թեկնածուի հավանական տարբերակներ կան, բայց դեռ հստակ որոշում չեն կայացրել։

Հավանական թեկնածուներից մեկը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածք­ների և բնական պաշարների նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ նախկին պատգամավոր Արթուր Գրիգորյանն էր։ Մյուս քննարկվող անունը Արման Աբովյանն էր՝ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր։ 

Քաղաքապետի ԲՀԿ-ական մյուս հավանական թեկնածուն էլ Երևանի ավագանու համանուն խմբակցության քարտուղար Մարկոս Հարությունյանն էր։ 

Նրանցից որևէ մեկի թեկնածության մասով որոշում չկա։