Չալաբյանին նորից ստիպում են սպասել

Չալաբյանին նորից ստիպում են սպասել

\«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի հարցով որոշումն այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այդպես էլ չհրապարակվեց։

Նիստերի դահլիճ եկավ դատավորի աշխատակազմի ներկայացուցիչը և հայտնեց, որ հրապարակումն անորոշ ժամկետով հետաձգվում է։ 

«Ես որևէ ժամկետ այս պահին չեմ կարող ասել, թե հրապարակումը 1 կամ 2 ժամից կլինի, պատճառն էլ չեմ կարող ասել, որովհետև այդ ինֆորմացիային չեմ տիրապետում»,-փոխանցեց օգնականը։

Հիշեցնենք, Ավետիք Չալաբյանը մեղադրվում է Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի հետ միասին համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին շահագրգռելու և ուսանողներին «Դիմադրություն» շարժմանը ներգրավելու մեջ։ Ըստ Թոռնիկ Ալիյանի ցուցմունքի, Չալաբյանն ուսանողներին նյութապես շահագրգռել է մասնակցել հավաքներին` առաջարկելով 2 միլիոն ՀՀ դրամ։ 

Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունայանը նախօրեին MediaHub.am-ի հետ զրույցում պնդեց, որ Չալաբյանին անազատության մեջ պահելու իրավական հիմքեր չկան։ 

«Դատարանի վաղվա որոշումից, բնականաբար, դրական ակնկալիքներ ունենք, ուզում ենք դրական որոշում տեսնել, սակայն իրականությունը, որի մեջ ապրում ենք, թույլ չի տալիս բացառապես մեր իրավական դատողությունների ու զգացողությունների հիման վրա որևէ կանխատեսում անել»,-ասաց նա։

Լիաննա Թորոսյան